Մատչելիության հղումներ

10 անապահով ընտանիքներ կանգնել են փողոցում հայտնվելու իրական վտանգի առջև


Երևանի 17-րդ թաղամասի այս բնակիչները կանգնել են փողոցում հայտնվելու վտանգի առջև
Երևանի 17-րդ թաղամասի այս բնակիչները կանգնել են փողոցում հայտնվելու վտանգի առջև

Մարդիկ տարակուսած են՝ եթե վիճելի հասցեում չեն ապրում, ինչո՞ւ են այնտեղից ընտրությունների մասնակցում, կամ ինչո՞ւ են այդ հասցեից իրենց երեխաներին բանակ տանում:

Արդեն չորս տարի է Երևանի ծայրամասում`17-րդ թաղամասում բնակվող 10 ընտանիքներ պայքարում են գոնե վագոն տնակներում մնալու և փողոցում չհայտնվելու համար։ Սոցիալապես անապահով ու նախկինում վթարային շենքերում բնակված այս մարդկանց ժամանակին Աջափնյակի թաղապետարանն է վագոն տնակներ հատկացրել։

Տարածքը սեփականաշնորհելու համար նրանք մի քանի անգամ դիմել են քաղաքային իշխանություններին, սակայն մերժում են ստացել՝ պատճառաբանել են, թե տարածքը գտնվում է նախագծային ճանապարհի վրա։ Պաշտոնապես մատուցվող այդ հիմավորումը, սակայն, չի խանգարել, որ 2007-ին անապահով այս ընտանիքներին անծանոթ մեկը նույն տարածքի սեփականատերը դառնա։

«Ոչ մեկ չի եկել ասել՝ մերն ա, կամ չգիտեմ ինչ, ինքը գալիս հայտնվում ա, ասում ա՝ իմ հողն ա, ես դա սեփականացրել եմ, պետք ա ստեղից դուրս գաք, էլիտար շենք են սարքում»,- պատմում է տարածքի բնակչուհիներից մեկը:

«Եթե այստեղ չենք ապրում, ինչո՞ւ ենք այս հասցեից ընտրությունների մասնակցում, կամ ինչո՞ւ են մեր երեխաներին այստեղից բանակ տանում՝ այն էլ սահման»,- տարակուսում են մյուսները։

74-ամյա Ալվարդ Մելքոնյանն իր ընտանիքի հետ արդեն երրորդ անգամն է կանգնում փողոցում հայտնվելու վտանգի առաջ։ Նույն համայնքում գտնվող վթարային շենքից տարիներ առաջ նրան հանել են ու երկու բնակարանի դիմաց 4000 դոլարի չափով փոխհատուցում տրամադրել: Այդ գումարն էլ ծախսել են վագոն-տնակում ապրելու նվազագույն պայմաններ ստեղծելու համար։

«Թող մեզ տուն տան, իմ հին տեղը տան, ես գնամ ապրեմ, ուրիշ ոչինչ չեմ ուզում, 50 տարի աշխատել եմ պետության համար, ես որ տուն չունենամ, ո՞վ պիտի ունենա»,- հարց է տալիս տիկին Ալվարդը:

Առաջին ատյանի դատարանում վեճը լուծվել է վագոն-տնակում բնակվողների օգտին, սակայն վերաքննիչ դատարանը երեկ այդ վճիռը բեկանել է ու գործն ուղղարկել լրացուցիչ քննության։ Անապահովության նպաստով ու թոշակով ապրող բնակիչներն ասում են, որ եթե իրենց վտարեն, ստիպված կլինեն համալրել անտունների թիվը, քանի որ վարձով բնակվելու գումար չունեն։ «Բոլորս նպաստառու, թոշակառու կարգավիճակի մեջ ենք»:

Բնակիչները քաղաքապետարանի մոտ առաջիկայում պատրաստվում են նստացույց անցկացնել։ Տարածքի նոր սեփականատիրոջ՝ Էդուարդ Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց. հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG