Մատչելիության հղումներ

«Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները կարող են չեղարկվել արդեն հաջորդ շաբաթ»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, մայիս, 2015թ․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, մայիս, 2015թ․

Ըստ Reuters-ի աղբյուրի՝ որոշումը կընդունվի հոկտեմբերի 11-ի ընտրությունների արդյունքներով:

Արդեն հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 12-ին, Եվրամիությունը կարող է չորս ամսով չեղյալ հայտարարել Բելառուսի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը:

Որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի Բելառուսում հոկտեմբերի 11-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքներով:

«Եվրամիությունը պետք է պատասխանի քաղբանտարկյալների ազատ արձակմանը», - բացատրել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունում ընդհանուր առմամբ այն կարծիքին են, որ «Եվրոպայի վերջին բռնակալը» և Մոսկվայի հավատարիմ համախոհը հետզհետե շրջվում է դեպի Եվրամիություն:

2000-ականների կեսերից սահմանված պատժամիջոցները վերաբերում են ինչպես անձամբ Լուկաշենկոյին, այնպես էլ Բելառուսի 140 քաղաքացիների: Այս ցուցակում ընդգրկվածների մեծամասնությունը առնչություն ունի Մինսկում նախորդ նախագահական ընտրությունների շրջանում ընդդիմադիր հանրահավաքները ցրելու հետ: Պատժամիջոցների չեղարկման դեպքում այդ անձինք այսուհետ կարող են իրենց միջոցները շրջանառության մեջ դնել եվրոպական բանկերում և ճամփորդել Եվրոպայում:

Պատժամիջոցների ենթարկված 25 բելառուսական ընկերություններ էլ հնարավորություն կունենան ֆինանսական օգնություն ստանալ Եվրոպական ներդրումային բանկից. սա նշանակում է, որ Ռուսաստանը կդադարի լինել Բելառուսի համար միակ խոշոր ներդրողը:

Սակայն պատժամիջոցները կարող են կրկին գործել այն դեպքում, եթե Եվրամիությունը Բելառուսում մարդու իրավունքների նոր խախտումներ հայտնաբերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG