ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կպաշտպանի իր ցանկացած անդամի ցանկացած վտանգից։ Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի ռմբահարումների հետևանքով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առաջացած լարվածության ֆոնին։
Ստոլտենբերգը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներն այսօր հավանություն են տվել ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերը ներկայիս 20 հազարից 40 հազար զինծառայողի հասցնելու գաղափարին։
«Սա հստակ ուղերձ է ՆԱՏՕ-ի տարածքի բնակիչներին առ այն, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի ձեզ, ՆԱՏՕ-ն պատրաստ է»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա ասել է նաև, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը մտահոգություն է առաջացնում և հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է համապատասխան ուժեր տեղակայել Թուրքիայի օդային սահմանը պաշտպանելու համար։