Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի ներդրումային քաղաքականության հայեցակարգին, որը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Ըստ փաստաթղթի՝ գործադիրը պետք է հավելյալ ջանքեր գործադրի առևտուրը պարզեցնելու, մրցունակ բիզնես միջավայր ստեղծելու և ներդրումներին նպաստող հարկային քաղաքականություն վարելու համար։
«Բարեփոխումների ուղղությունները հիմնականում հետևյալն են. առաջինը՝ կատարելագործել ներդրումային քաղաքականության բոլոր կարևորագույն տարրերը, այսինքն ներդրումների տեսլականը, ռազմավարությունը, միջոցառումները, գործողությունները՝ համագործակցելով այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ»,- հայտարարեց նախարարը։
Տնտեսության զարգացման հնարավորությունների և ներդրումների ավելացման մասին էկոնոմիկայի նախարարի ելույթը միանշանակ չընդունվեց։ Համենայնդեպս, վարչապետը բարձրաձայն դիտողություն արեց կառավարության նիստերի դահլիճում ներկա թերահավատներին. բայց թե ովքեր էին կասկած հայտնել, այդպես էլ պարզ չդարձավ հարևան սենյակում նիստին հետևող լրագրողների համար։
«Էդ ինչի՞ տենց ոգևորվեցիք, լավ բաներ է ասում, դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում ասածները։ Ո՞րն է պատճառը»,- թերահավատներին հարցրեց Հովիկ Աբրահամյանը.- «Ես կարծում եմ՝ պարոն Ճշմարիտյանի ասածները լիովին հիմնավոր են։ Եթե որոշ մարդկանց դա դուր չի գալիս, իրենց ներքին և արտաքին պրոբլեմն է»։
Կառավարության նիստից հետո Կարեն Ճշմարիտյանն էլ մանրամասներ չհայտնեց, ասաց՝ իր ելույթով է տարված եղել և չի լսել որևէ ռեպլիկ գործընկերների կողմից։ Չնայած անգամ կառավարությունում կասկածներ կային մշակված փաստաթղթի վերաբերյալ, այնուամենայնիվ, Ճշմարիտյանը պնդեց՝ հայեցակարգը կնպաստի Հայաստանում ներդրումների աճին։
«Եթե հույս չունենայինք, որ այս փաստաթուղթը կամ մոտեցումները նպաստելու են ներդրումների ավելացմանը, ապա ոչինչ չէինք անի, ոչ հայեցակարգ կընդունեինք, ոչ էլ միջազգային կազմակերպություններին կներգրավեինք, որպեսզի միջազգային ստանդարտներին համապատախան փաստաթուղթ լիներ։ Ես նշեցի, որ սա միայն մի փաստաթղթով, մեր գերատեսչության, մեկ օրենքով լուծվող հարց է։ Սա ընդհանուր միջավայրի հարց է»,- ասաց նա։
Այս փաստաթղթով կառավարությունը խոստանում է ապահովել թափանցիկություն, ոչ խտրական մոտեցում բոլոր երկրներից եկած ներդրողների հանդեպ, արձանագրվում է՝ չեն սահմանվի ներդրումների ընդլայնմանը խոչընդոտող պահանջներ, կբացառվեն կրկնակի հարկման դեպքերը և այլն։
Հայաստանում գործարարությամբ զբաղվող մարդիկ, սակայն, պնդում են՝ նման հայեցակարգերն ու անգամ լավագույն օրենքները հաճախ մնում են թղթի վրա։
«Հայաստանը օրենքների ընդունումով, ռեֆորմներով առաջատար երկրների ցանկում է, կիրառումով աշխարհի վերջին տեղերում ենք, աֆրիկական մի երկու երկիր է մնում մեզանից հետո»,- «Գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը։
Գերմանահայ գործարար Ալֆրեդ Մանուկովն էլ պնդում է՝ Հայաստանում գործարարներն իրենց պաշտպանված չեն զգում նախ և առաջ արդարադատության բացակայության պատճառով։ Օրինակ է բերում՝ ինքը տեղացիներից մեկի հետ վեճ է ունեցել, սակայն խուսափել է դատարան դիմել, երբ Հայաստանում ծանոթներ ունեցող գործարարը սպառնացել է հարցը կաշառքով լուծել։
«Իքս-իփսիլոնին ճանաչում ենք, եղբայր է, ընկեր է, 10 հազար դոլար կտանք, դատախազը հարցը կլուծի։ Դիմացինին պարզ ասում են, կապիտալ բերողը ինչ վստահություն պիտի ունենա, որ էդպես հեշտ, գալիս, ասում են»,- ասաց գործարարը։
Հոռետեսներին էկոնոմիկայի նախարարը հորդորում է ծանոթանալ պաշտոնական վիճակագրությանը, նույնիսկ հիմա Հայաստանում ներդրումների աճ կա՝ 2.5 տոկոսով։
«Ընդհանուր օտարերկրյա ներդրումները Հայաստանում արձանագրել են աճ՝ 4.7 միլիարդ դրամով»,- տեղեկացրեց Կարեն Ճշմարիտյանը։
Սակայն փորձագետները նկատում են, որ նախարարը մեջբերել է ցուցանիշներ ընդհանուր ներդրումների մասին, որոնք ներառում են նաև վարկերը, փոխառությունները, ապրանքների ու ծառայությունների համար ստացվող գումարները։ Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ ուղղակի ներդրումները 2015-ին առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ նվազել են ավելի քան երկու անգամ։