Մատչելիության հղումներ

Արվեստագետներին բնակարան նվիրելը «բյուջեն մսխելու դասական օրինակ» է


Երևանյան նորակառույցներ, արխիվ
Երևանյան նորակառույցներ, արխիվ

Նվիրվող բնակարաններն, ի դեպ, այն նորակառույցում են, որը նախատեսված է 4-րդ կարգի վթարային շենքերում ապրողների համար: Վերջիններիս, սակայն, դեռևս ոչինչ չեն հայտնել իրենց հասանելիք նոր բնակարանների մասին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարության շրջանակներում որոշել է բնակարան նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, բանաստեղծ Վահրամ Սահակյանին և երգիչ Դավիթ Ամալյանին: Երեքի պարագայում էլ որպես պաշտոնական հիմնավորում նշվում է բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:

Զառա Արամյանն, օրինակ, ըստ քաղաքապետարանի, բնակարանի խիստ կարիք ունի, քանի որ բնակվում է ամուսնու, նրա ծնողների, ամուսնու եղբոր ընտանիքի ու իր երկու տարասեռ երեխաների հետ: Արամյանը չի թաքցնում՝ տարիներ առաջ է դիմել տուն ստանալու համար:

«Ես էլ իմ փոքրիկ աշխարհում ունեմ իմ խնդիրը, որը եթե ամսի 8-ին դրական լուծվի, ես երջանիկ կլինեմ, չէ որ ես սովորել եմ էս 25 տարիների ընթացքում, դեռ ցուրտ ու մութ տարիներին, երբ մարդիկ ունեցել են ընդամենը 2 ժամ լույս, եթեր եմ հեռարձակվել ու փորձել եմ իրենց տրամադրությունը բացել` հումորներով, կամ իմ լրատվական աշխատանքով: Էս ամենը շատ ծանր չէի տանի, բայց դա իմ երեխաների վրա է անդրադառնում, իսկ յուրաքանչյուր մոր համար իր ձագուկն ամենակարևորն է»,- ասում է Զառա Արամյանը:

Վարձով բնակվող երգիչ Դավիթ Ամալյանը հրաժարվեց խոսել իրեն բնակարան նվիրելու՝ քաղաքապետարանի որոշման մասին: Բանաստեղծ Վահրամ Սահակյանն էլ ասաց, որ դա միայն իր խնդիրն է, ու «եթե որևէ մեկը փորձի մամուլում արձագանքել այդ փաստին՝ իր կողմից կպատժվի»:

Զառա Արամյանը նեղսրտում է, ասում է՝ այս օրերին վիրավորական շատ խոսքեր է լսել․ - «Էդ չարությունը իմ մեջ չարություն չի արթնացնում, ես իրենց խղճում եմ, որ իրենց հոգիներն այդքան չար կարող են լինել, ես հանգիստ սրտով եմ պառկում քնում»:

Քաղաքապետարանի տարբեր որոշումների դեմ պարբերաբար ընդվզող իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը զարմանում է՝ «ինչո՞ւ են զարմանում հանրային դեմքերը, երբ հասարակությունը փորձում է պարզել, թե իր վճարած հարկերի հաշվին քաղաքապետն ում է լավություն անում»,- հարց է տալիս նա ու հավելում. - «Քաղաքապետ Տարոն Մարգարյանի քմահաճույքով տեղի է ունենում, այսպես ասած, կարող է կոպիտ հնչի՝ բայց դա դասական մայմունություն է: Դա համայնքային բյուջեն մսխելու դասական օրինակ է: Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում Երևան քաղաքը: Երբ կենտրոնից դուրս ենք գալիս, տեսնում ենք, որ փողոցներն այն վիճակում են, կարծես 19-րդ դարում Երևանի բերդի գրավումից հետո չեն վերանորոգվել: Շենքերը նմանապես խայտառակ վիճակում են, վերելակները։ Փոխանակ գումարներն ուղղվեն այդ խնդիրների լուծմանը, իրենք փորձում են իրենց այդ պալատական սազանդարներին շահագրգռել էս ձևերով»:

Արվեստագետներին նվիրաբերվող ավելի քան 90 քմ մակերեսով այս բնակարանները գտնվում են Երևանի Աջափնյակ թաղամասի նորակառույցներից մեկում, որը նախատեսված է 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրողների համար: Նրանցից Մելինե Զախարյանն ու Մայրանուշ Գասպարյանը տարիներ շարունակ բնակարանի են սպասում: Կիսավեր շենքում ապրող այս մարդիկ մինչ այժմ քաղաքապետարանից միայն բանավոր խոստումներ են լսել բնակարան ստանալու մասին, սակայն դա հավաստող փաստաթուղթ դեռ չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG