Մատչելիության հղումներ

Reuters. Ռուսաստանի ներգրավումը Սիրիայում հնարավոր դարձավ Իրանի ջանքերի շնորհիվ


Իրաք - Իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին (ձախից) ռազմաճակատում՝ «Իսլամական պետության» դեմ գործողության ժամանակ, մարտ, 2015թ․
Իրաք - Իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին (ձախից) ռազմաճակատում՝ «Իսլամական պետության» դեմ գործողության ժամանակ, մարտ, 2015թ․

Գործակալության լրագրողները պարզել են նաև բանակցություններում ամենամեծ դերակատարությունն ունեցած ռազմական գործչի անունը:

Ռուսաստանի ներգրավումը սիրիական պատերազմում հնարավոր դարձավ պաշտոնական Թեհրանի գործադրած ջանքերի շնորհիվ, պնդում է Reuters լրատվական գործակալությունը:

Reuters-ի Բեյրութում հավատարմագրված թղթակիցները` Լայլա Բասամն ու Թոմ Փերին վերջին շաբաթներին իրականացրած մանրակրկիտ լրագրողական հետաքննության շնորհիվ կարողացել են պարզել նաև այն ռազմական գործչի անունը, ում անմիջական միջամտության արդյունքում պաշտոնական Մոսկվան որոշեց օդային հարվածներ հասցնել Սիրիայում: Խոսքն Իրանի ամենաազդեցիկ և գաղտնի հատուկ ծառայություններից մեկի` «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի մասին է: Այս մարդը, ըստ Reuters-ի, համարվում է իսլամական հանրապետության ուժային բլոկի ամենաազդեցիկ ղեկավարներից մեկն ու անմիջականորեն ենթարկվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին:

«Հուլիսին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Սոլեյմանին սեղանին դրեց Սիրիայի քարտեզը: Ռուսները խիստ անհագստացած էին և հասկանում էին, որ [Ասադի] վարչակազմին լուրջ վտանգ է սպառնում: Իրանցիները, սակայն, հավատացնում էին ռուսներին, որ դեռ հնարավոր է ապստամբների ձեռքից խլել նախաձեռնությունը, և բոլոր հնարավորությունները չէ, որ կորսված են», - գրում են Reuters-ի թղթակիցները՝ նաև հավելելով․ - «Տարածաշրջանի պետություններից մեկի անվտանգության ոլորտում գործող բարձրաստիճան մի պաշտոնյա մեզ փոխանցեց, որ համատեղ ռուս-իրանական ռազմական օպերացիա իրականացնելու որոշումը կայացվել է այաթոլա Խամենեիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մի քանի ամիս առաջ կայացած հանդիպման ժամանակ»:

Հենց այդ հանդիպումից հետո էր, որ, ըստ Reuters-ի, Սոլեյմանին նշանակվեց Ասադի փրկությանն ուղղված այս գործողության իրանական հատվածի պատասխանատու:

«Հետագայում Իրանի մեկ այլ բարձրաստիճան պատվիրակ ևս մեկնեց Մոսկվա` Ռուսաստանի վերջնական համաձայնությունը ստանալու համար: Վլադիմիր Պուտինը նրան բառացիորեն պատասխանել էր․ - «Խնդիր չկա, մենք կմիջամտենք: Պարզապես Մոսկվա ուղարկեք Քասեմ Սոլեյմանիին»: Reuters-ի թղթակիցները նշում են, որ իրանցի գեներալը վերջին երեք ամիսներին երկու անգամ է մեկնել Մոսկվա, թեև երկու անգամ էլ ռուսական կողմը հերքել է նրա այցելության փաստը:

Ռուսաստանի ներգրավվածության ապահովմամբ, սակայն, Քասեմ Սոլեյմանիի առաքելությունը չի ավարտվում: Reuters-ի տեղեկություններով՝ առաջիկայում ռուսական օդանավերի աջակցությամբ սիրիական կառավարական բանակը, Դամասկոս ժամանած հարյուրավոր իրանցի զինվորականները և լիբանանյան «Հըզբոլա»-ի շուրջ 3 հազար մարտիկները լայնածավալ հարձակման կանցնեն Սիրիայի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում:

«Կողմերը արդեն իսկ համատեղ հրամանատարական կենտրոններ են ստեղծել, որոնք պետք է համակարգեն այդ հարձակումը: Այս ջանքերին միացել է նաև Իրաքի կառավարությունը, այդ իսկ պատճառով հրամանատարական կետերից մեկը Դամասկոսում է, իսկ մյուսը՝ Բաղդադում», - գրում են Reuters-ի լրագրողները՝ կանխատեսելով, որ գեներալ Սոլեյմանին լինելու է առաջիկա հարձակման գլխավոր հրամանատարներից մեկը:

«Նա արդեն իսկ կարծես Դամասկոսի բնակիչ լինի: Նրան մեկ կարելի է Բաշար Ասադի հետ հանդիպմանը տեսնել, մեկ էլ` ռազմի դաշտում` հասարակ զինվորի նման», - տեղացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքն է փոխանցում Reuters գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG