Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտնել է, որ Կասպից ծովում գտնվող ռուսական ռազմանավերից հրթիռակոծվել են Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորումների դիրքերը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, որի մի հատվածը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, Շոյգուն ասել է, որ Կասպիցում տեղակայված չորս ռազմանավերից 26 հրթիռային հարված է հասցվել Սիրիայի արևմտյան շրջանների թիրախներին: Հրթիռները 1500 կիլոմետր են կտրել թիրախներին հասնելու համար: Նախարարը նշել է, որ հրթիռները խփել են թիրախներին, սակայն չի բացահայտել, թե որ երկրների օդային տարածքով են դրանք անցել:
Պուտինն ասել է, թե դեռ վաղ է խոսել Սիրիայում Ռուսաստանի՝ սեպտեմբերի 30-ից սկսված ռազմական գործողությունների հաջողությունների մասին: Նա պաշտպանության նախարարին հանձնարարել է Սիրիայի ռազմական գործողություններում համագործակցել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Իրաքի հետ:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ավիահարվածները և հրթիռահարումները պետք է աջակցեն ցամաքում սիրիական բանակի գրոհներին: