Մատչելիության հղումներ

Վահան Արծրունին ներկայացնում է հոբելյանական համերգային նախագիծ


Երգիչ-երգահան Վահան Արծրունին հոկտեմբերի 11-ից հրավիրում է մասնակցելու մի համերգաշարի, որտեղ յուրաքանչյուր համերգ երաժշտական մի որոշակի ուղղություն և ոճ է ներկայացնելու՝ կամերային երաժշտություն, երգարվեստ, պրոգրեսիվ գործիքային երաժշտություն և սիմֆո-ռոք երաժշտություն:

Այսօր հրավիրած ասուլիսին Վահան Արծրունին շեշտում էր, որ համերգները տեղի կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյան, Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, «Շողակաթ» մանկական երգչախմբի և հանրահայտ մենակատարների մասնակցությամբ: Համերգաշարը հոբելյանական է և նվիրվում է արվեստագետի բեմական գործունեության երեսունամյա և ծննդյան հիսունամյա հոբելյաններին:

«Ես չեմ կարող առանձնացնել և ասել՝ այս դժվարին պահը ես հաղթահարեցի․․․ երբեք այդպիսի բան չի եղել, սա մի ընթացք է եղել, իր աշխատանքային դժվարություններով, հաղթահարումներով և այլն, բայց որը որ բացի դրական ապրումներից ոչ մի բան չի տվել», - պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչն էր ամենադժվարն իր համար և ինչն էր հեշտ հաղթահարել, ասաց երաժիշտը:

«Հսկայական քանակի խոչընդոտներ կային, որ մենք ստիպված էինք հաղթահարել: Օրինակ, եթե կոմսոմոլի միջոցով էիր անում, պետք է ներկայացնեիր ծրագիրը կոմսոմոլում: Նույնիսկ միջադեպ է եղել, որ Ուսանողական գարնան համերգներից մեկին մեզ բեմ չեն թողել, որովհետև ջինսերով ենք եղել», - պատմեց Վահան Արծրունին՝ վերհիշելով խորհրդային տարիները:

«Այն ժամանակ չէինք էլ կարող ենթադրել, որ կապրենք ազատ ու անկախ Հայաստանում և յուրաքանչյուր արվեստագետ կարող է ասել այն խոսքը, որը իրենն է», - հավելեց երաժիշտը:

Վահան Արծրունու համերգաշարի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 11-ին՝ Կամերային երաժշտության տանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG