Մատչելիության հղումներ

«Չե՛ք անցկացնի»-ն կոչ է անում «համարժեքորեն» արձագանքել ոստիկանության գործողություններին


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության երեկվա գործողություններն ու կոչ անում «համարժեքորեն» արձագանքել դրանց։

Այսօր տարածած հայտարարությունում նախաձեռնությունը մասնավորապես նշում է. - «Երեկ Ազգային ժողովի մոտ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ֆիզիկական ուժի գործադրմամբ ապօրինաբար՝ առանց որևէ իրավական հիմքեր ունենալու բերման է ենթարկել ակցիայի մասնակից թվով 21 քաղաքացու, այդ թվում՝ նախաձեռնության անդամների: Ոստիկանության բաժնում առանց որևէ հիմնավորման շուրջ երեք ժամ սահմանափակվել է ինչպես քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, այնպես էլ՝ Հայաստանի օրենդրության մի շարք դրույթներ»:

«Չե՛ք անցկացնի»-ն նշում է, որ «ապօրինաբար բերման ենթարկված քաղաքացիներին տևական ժամանակ հնարավորություն չի ընձեռվել հանդիպել փաստաբաններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամներին»:

Նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները և կոչ անում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին ու շարժումներին, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներին ու դեսպանատներին՝ «աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած ապօրինի գործողություններին ու համարժեքորեն արձագանքել դրանց՝ հետագայում նմանատիպ գործելաոճը կանխարգելելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG