Մատչելիության հղումներ

Վրաստանի դեսպանը ԱՄՆ-ում ուղեկցել է ոչ թե նախագահին, այլ վարչապետին


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի (աջից) և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի (աջից) և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Կառավարության անդամը պարզաբանել է, թե «դեսպանը չէր կարող միաժամանակ լինել երկու պատվիրակությունում»:

Վրաստանի նախագահի և վարչապետի լիազորությունների համեմատության վեճը նոր երանգ է ստացել վերջիններիս՝ Միացյալ Նահանգներ կատարած այցերի հետևանքով:

Առիթը, մասնավորապես, Վաշինգտոնում ոչ թե իր երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, այլ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ուղեկցելու՝ Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեի նախընտրությունն է:

Տվյալ թեմային անդրադառնալով այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում՝ Վրաստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն ասել է. - «Պարզ է, որ դեսպանը չէր կարող միաժամանակ լինել երկու պատվիրակությունում: Միաժամանակ երկու պատվիրակությունների ժամանման պայմաններում դեսպանատանն այնպես էին ծրագրում, որ ուղեկցեին երկուսին էլ: Այս անգամ ստացվեց այնպես, որ դեսպանն անմիջականորեն վարչապետի հետ էր, իսկ մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ նախագահի: Պարզ է, որ դեսպանը չի կարող միաժամանակ լինել երկու պատվիրակությունների հետ»:

Երեկ երեկոյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Մարգվելաշվիլին դժգոհել է, որ ԱՄՆ այցի ընթացքում չի տեսել դեսպանին, և արտգործնախարարությանը հորդորել է հետևել դիվանագիտական էթիկային:

«Մեր բարձրագույն դիվանագիտական ծառայության՝ արտաքին գործերի նախարարության պարտավորությունն է՝ ճիշտ բարոյական, դիվանագիտական էթիկայի ուղեցույց տալ մեր այն կառույցներին, որոնք խախտում են օրենսդրորեն ամրագրված կարգի տարրական դրույթներ, երբ չեն դիմավորում երկիր ժամանած նախագահին», - հայտարարել է Վրաստանի նախագահը՝ հավելելով․ - «Իմիջիայլոց, ես այնտեղ մասնավոր այցով չէի, պետական ծառայության շրջանակում էի մեկնել՝ որպես Վրաստանի նախագահ, և հանդիպման դեպքում ես վրացական դիվանագիտական առաքելությանը շատ հետաքրքիր տնային աշխատանք կտայի»:

Նույն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպան Գեգեշիձեն պնդել է, որ արարողակարգն ամենևին էլ չի խախտվել, և ոչ մի օրենքում նշված չէ, թե ինչ պետք է անի դեսպանը, եթե միաժամանակ երկու պատվիրակություն է ժամանում: Նա հայտնել է, որ իր գործունեությունը համաձայնեցվել է կառավարության ղեկավարի հետ:

«Ոչ Սահմանադրությունը, ոչ էլ օրենքը չեն նշում, թե ինչպես պետք է վարվի դեսպանը նման արտակարգ պայմաններում, երբ վարչապետի և նախագահի պաշտոնական պատվիրակությունները պաշտոնական այց են կատարում նույն երկիր, բայց՝ տարբեր քաղաքներ», - ասել է Արչիլ Գեգեշիձեն և ընդգծել, որ նախագահի խոսելաոճն անակնկալ էր իր համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG