Մատչելիության հղումներ

Վրաց ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Իվանիշվիլիի առանձնատան մոտ


Վրաստան - Բիձինա Իվանիշվիլիի առանձնատունը Թբիլիսիում, արխիվ
Վրաստան - Բիձինա Իվանիշվիլիի առանձնատունը Թբիլիսիում, արխիվ

Սաակաշվիլիի կուսակցությունը պահանջում է կառավարության հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վրացական ընդդիմությունը կոչ է անում արտահերթ ընտրություններ անցկացնել: Երկուշաբթի երեկոյան Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել են շուրջ հազար հոգի:

Ակցիան Թբիլիսիում Իվանիշվիլիի «ապակյա պալատի» մոտ շարունակվել է մինչև ուշ գիշեր:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների բողոքի հիմքում Քութայիսիի դատարանի որոշումն է, ըստ որի կալանավորվել են երեք ընդդիմադիր գործիչներ: Այդ ճնշումների հիմնական մեղավորը, բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ, Իվանիշվիլին է: Ընդդիմադիրները պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Իվանիշվիլիի առանձնատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու նախաձեռնողները երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության պատգամավորներն էին: Պատգամավոր Գիվի Թարգամաձեն հայտարարել է, որ հենց Բիձինա Իվանիշվիլին է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի և Վրաստանի կառավարության փաստացի ղեկավարը և նա էլ պատասխանատու է ընդդիմության նկատմամբ ճնշումների համար, մասնավորապես՝ Քութայիսիի քաղաքային դատարանի որոշման, որով երկամսյա նախնական կալանք է սահմանվել ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին ոստիկանության կողմից՝ իշխող կուսակցության պատգամավոր Դավիթ Լորդկիպանաձեին ֆիզիկապես և բանավոր վիրավորելու մեղադրանքով: Ըստ ընդդիմության հայտարարության՝ այդ միջադեպը իրենց համար «համբերության բաժակի վերջին կաթիլն էր», հատկապես որ կալանավորված ակտիվիստները պաշտպանում էին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, որը ևս, ընդդիմության պնդմամբ, իշխանությունների կողմից ճնշման է ենթարկվում:

Ոստիկանությունը անցած գիշեր թույլ չի տվել ցուցարարներին շատ մոտենալ նախկին վարչապետի առանձնատան դարպասներին, սակայն ոչ էլ փորձել է ցրել ցույցը:

Ցուցարարները նախազգուշացրել են՝ եթե Քութայիսիում կալանավորված ընդդիմադիրները մոտ ապագայում ազատ չարձակվեն, ապա բողոքի հաջորդ ակցիաները կլինեն շատ ավելի լայնամասշտաբ և արմատական բնույթի, «իսկ «ապակյա առանձնատունը» ընդհանրապես կարող է խաղաղ կերպով արգելափակվել ընդդիմադիրների կողմից», - ընդդիմության հայտարարությունից մեջբերում է «Ազատության» վրացական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG