Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, դատապարտելով ոստիկանության աշխատակիցների այսօրվա գործողությունները և դրանք որակելով որպես «խայտառակ», պահանջում է պատկան մարմիններից բացահայտել և պատասխանատվության ենթարկել ապօրինի գործողությունների հրաման արձակողներին և դրանք կատարողներին:
Համաձայն ընդդիմադիր կուսակցության տարածած հայտարարության՝այսօր նոր Սահմանադրության նախագծի քվեարկությունից անմիջապես առաջ, երբ ԱԺ մուտքի մոտ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը իրականացնում էր իրազեկված բողոքի ակցիա, ոստիկանությունը հերթական անգամ դիմել է ապօրինի գործողությունների խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ:
«Առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու` ոստիկանությունը բերման է ենթարկել 20 անձի։ Ոստիկանությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, բերման ենթարկելու գործողություններ է կատարել նաև պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ: Շարունակելով ապօրինությունները, ոստիկանությունը տևական ժամանակ խոչընդոտել է բերման ենթարկվածների փաստաբանների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի մուտքը ոստիկանության Արաբկիրի բաժին»,- ասված է հայտարարությունում։