Կույրաղիքի վիրահատության համար տասն ամիս առաջ Քաջարանի հիվանդանոց մտած 27-ամյա Մարինեն դուրս է եկել ծանր հիվանդությամբ՝ հեպատիտ C-ով վարակված: Ամիսներ շարունակ երիտասարդ կինը հիվանդանոցից հիվանդանոց է գնացել, մինչև վիճակը կայունացել է։
Ամուսինը՝ Կարեն Հայրապետյանն ասում է, որ կնոջ դեպքում արդյունք են տվել համեմատաբար էժան դեղամիջոցները, և բանը չի հասել 10-15 հազար եվրո արժողությամբ դեղերին։
«Ողջ ընտանիքով թևաթափ էինք եղել, երբ իմացանք վարակի մասին»,- պատմում է հեպատիտ C-ով վարակված երիտասարդ կնոջ ամուսինը.- «Մենք միանգամից Երևան ենք եկել՝ իմանալուց հետո։ Մի քանի ամիս դեղորայք ստացավ»։
Թանկարժեք բուժման դեպքում ծախսերը հոգում է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը։ Միջադեպը մոտ տասն ամիս քննելուց հետո Քննչական կոմիտեն պարզել է՝ միանգամյա օգտագործման բժշկական գործիքները կիրառվել են բազմակի։ 196 վիրահատության ընթացքում դրանք թարմացվել են ընդամենը յոթ անգամ, իսկ որոշ գործիքներ ընդհանրապես չեն փոխվել: Հինգ բուժաշխատողի, այդ թվում հիվանդանոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել միանգամից երեք հոդվածով։
Մեղադրյալներից մեկը՝ բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը նաև վարակակիր է։ Կինը՝ Սոֆի Ազիզյանը պնդում է՝ ամուսնուն քավության նոխազ են դարձրել։
«Ես դեռ տենց հիվանդ չգիտեմ էսքան տարվա մեջ, որ իրենից դժգոհ լինի։ Ուղղակի քավության նոխազ էր պետք, դե, բնական է, որ դա պետք է լիներ թույլ օղակը։ Ելնելով դիմացի մարդկանցից, պետք չէ, որ ես հատուկ բարձրաձայնեմ, բոլորն էլ գիտեն՝ էս պատմությունը որտեղից է սկսվում և ուր է գնում»,- «Ազատությանը» ասաց Ազիզյանը։
Քաջարանի հիվանդանոցի նորանշանակ տնօրեն Հովիկ Դավթյանը նոր անձնակազմով է հիվանդանոց մտել: Հինգ մեղադրյալներից այս պահին երկուսն են հիվանդանոցում աշխատում՝ գլխավոր բուժքույրն ու փոխտնօրենը։ Վերջինս, ըստ նոր տնօրենի, գրեթե անփոխարինելի մասնագետ է։
Անեսթեզիոլոգի կնոջ պնդումներին, թե իր ամուսնուն քավության նոխազ են դարձրել, Դավթյանը արձագանքեց.- «Եթե Քննչական կոմիտեն ասում է, որ 100 հատ օպերացիա են արել ու էդ գործիքները օգտագործվել են մի քանի անգամ, որոնց արժեքը ընդամենը մի քանի հարյուր դրամ է, ինչի՞ մասին է խոսքը»։
Նույն հիվանդանոցում քթի վիրահատությունից հետո հեպատիտ C-ով վարակված մեր զրուցակիցը չցանկացավ ներկայանալ: Ասում է՝ վարակվելուց հետո կյանքի որակը փոխվել է 180 աստիճանով, շաբաթական մեկ անգամ ներարկվում ու օրական 6 հաբ է ընդունում: Փորձում է հարազատներից ու հատկապես մորից թաքցնել իր ապրումները, երբեմն չի հաջողվում: Նրա համար միևնույն է, թե ով կկանգնի դատարանի առջև, ասում է՝ «առողջությունս հետ չեն բերի»:
«Վիրահատությունից 40 օր հետո դեղնեցի։ Կտրուկ փոխվեց կյանքի որակը, որովհետև վարակվելուց հետո միանգամից թուլություն, ինքնազգացողության կտրուկ փոփոխություն։ Եթե իմ առողջությունը ետ չի բերվելու, ի՞նչ կարող է տալ ինձ դրանից հետո ցանկացած բան։ Ինձ համար կարևորը իմ առողջությունն է, էլ չեմ խոսում հոգեբանական տրավմայի մասին։ Եթե ծնողը հասկանում է, որ իր զավակը շատ ծանր հիվանդությամբ է հիվանդացել, դա ընկճվելու առիթ չի՞ կարող տալ»,- ասաց նա։