Ոստիկանությունը փորձում է թույլ չտալ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին՝ Ազգային ժողովի շենքի ցանկապատին ամրացնել կամ դրա մոտ պահել «Ո՛չ» գրությամբ պաստառներ, ցուցարարները չեն ենթարկվում, ինչը քաշքշուկի պատճառ դարձավ:
Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ Ազգային ժողովի ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և քարտուղար Արամ Մանուկյանի զրույցները և բանակցությունները նույնպես արդյունք չտվեցին:
Ոստիկանները, ի վերջո, ցանկապատից ուժով հեռացրեցին ակցիայի մասնակիցներին՝ բերման ենթարկելով նրանցից մի քանիսին: Այդուհանդերձ, ՀԱԿ խմբակցության ղեկավարներին և ակցիայի կազմակերպիչներին հնարավորություն տրվեց ելույթ ունենալ ցանկապատի մոտից՝ որոշակի բարձրությունից:
Ոստիկանությունում ի պատասխան «Ազատության» հարցի դժվարացան այս պահին բերման ենթարկվածների ստույգ թիվը նշել: