Մատչելիության հղումներ

Մերկելն ու Էրդողանը՝ սիրիական ճգնաժամի մասին


Անգելա Մերկել և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Անգելա Մերկել և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Գերմանիայի կանցլերն առաջարկում է բանակցություններ, Թուրքիայի նախագահը Ռուսաստանին կոչ է անում վերանայել քայլերը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է Սիրիայի ճգնաժամի հաղթահարման նպատակով բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը:

Կանցլերը նշել է, որ ճգնաժամի խաղաղ կարգավորման նպատակ հետապնդող բանակցություններին անհրաժեշտ է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասնակցությունը: «Դա չի նշանակում, թե մենք չենք տեսնում՝ ինչ ահավոր բաներ են տեղի ունենում այնտեղ, թե ինչ է արդեն արել և շարունակում անել Ասադը՝ ռումբի տակառներ գլորելով սեփական ժողովրդի վրա», - մանրամասնել է Մերկելը և ավելացրել, որ հարցը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար նույնքան կարևոր է բանակցություններում սիրիական ընդդիմության ներգրավումը:

Գերմանիայի կանցլերը պատասխանել է նաև հարցին, թե ինչ կապ կա Ուկրաինայի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակների միջև: Մերկելն ասել է՝ միակ կապն այն է, որ երկու հակամարտությունների դեպքում էլ առկա է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը:

Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի գործունեությունը երեկ կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Անընդունելի» որակելով Ռուսաստանի քաղաքականությունը՝ նա որպես «մահացու սխալ» է բնորոշել Ռուսաստանի՝ վերջին օրերի վարքագիծը:

Երեկ սիրիացի ակտիվիստները հայտնեցին, թե ռուսական օդուժի ռմբահարումները մոտ չորս տասնյակ քաղաքացու կյանք են խլել: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները և շարունակում պնդել, որ պայքարում է ահաբեկչության դեմ:

Էրդողանը Ֆրանսիա մեկնելուց առաջ լրագրողներին ասել է, որ իր դիրքորոշումը հայտնել է նաև սեպտեմբերի վերջին Մոսկվա կատարած այցի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո՝ Պուտինի հետ հեռախոսազրույցում:

«Ռուսաստանը մահացու սխալ է գործում, սա կարող է լինել Ռուսաստանը տարածաշրջանում մեկուսացնելու առաջին քայլը», - հայտարարել է Էրդողանը և հիշեցրել, որ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կիլոմետր երկարությամբ սահման:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հարցադրումներ էր հնչեցրել Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությունների իրական պատճառների և շարժառիթների մասին՝ պնդելով, որ իրականում Ռուսաստանը պայքարում է ոչ թե «Իսլամական պետության», այլ Ասադի ռեժիմին ընդդիմացողների դեմ: Էրդողանի բնորոշմամբ՝ Թուրքիան և Ռուսաստանը եղել են երկու բարեկամական երկրներ, սակայն նոր իրավիճակում, ըստ նրա, Ռուսաստանին պետք է խնդրել վերանայել քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG