Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատն այսօր հանրահավաք կանցկացնի Երևանում


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք է ակնկալում։

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատն այսօր երեկոյան Ազատության հրապարակում առաջին երևանյան հանրահավաքը կանցկացնի։

Միասնական հարթակում կլինեն Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Հայաստանի ժողովրդական կուսակցության և «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները։

«Ոչ» -ի ճակատը միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը բազմամարդ հանրահավաք է ակնկալում։ Ասում է՝ վերջին մի քանի օրերին մայրաքաղաքում մի շարք իրազեկման ակցիաներ են իրականացրել։

«Գյումրու հանրահավաքից հետո որոշակի վիճակ է փոխվել Հայաստանում, նաև շատ դրական արձագանքներ կան տարբեր խմբերից, նաև քաղաքացիների հետ հանդիպումներից եմ դա զգում», - ասաց Մուսախանյանը։

Նախաձեռնության անդամի խոսքով, այս հանրահավաքի հիմնական նպատակը առաջիկայում սահմանադրական բարեփոխումների հարցով խորհրդարանում նախատեսված քվեարկության վրա ազդելն է։

«Ես պատրանք չունեմ, որ այն պատգամավորները, որոնք «այո» են քվեարկելու, կփոխեն իրենց դիրքորոշումը, նրանք միևնույն է՝ կքվեարկեն «այո», բայց մենք հասարակական ճնշում, հոգեբանական ճնշում կբանեցնենք նրանց վրա հանրահավաքով և նաև որոշակի քաղաքական գնահատականներ կտանք իրենց գործելակերպին», - ասաց Մուսախանյանը։

Այս հանրահավաքի ընթացքում «Ոչ»-ի ճակատը նաև հետագա ծրագրերից է խոսելու։ Հնարավոր է նաև մի շարք մարզային քաղաքներ այցելեն։ Առաջիկա երկուշաբթի էլ քննարկում են Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույց անցկացնելու տարբերակը։

«Կա նախնական պլան. ամսի 5-ին Ազգային ժողովի դիմաց պիկետ կազմակերպելու համար, բայց վերջնական՝ էլի կհայտարարենք հանրահավաքի ժամանակ», - ասաց նախաձեռնության անդամը։

«Ոչ» ասող ուժերի այսօրվա հանրահավաքը արտոնված է։ Դրանից հետո բողոքի ցույցի մասնակիցները երթով կշարժվեն Երևանի կենտրոնական փողոցներով։

XS
SM
MD
LG