Մատչելիության հղումներ

Հղի կնոջ հարազատները կարծում են՝ բժիշկների դանդաղ գործելու պատճառով է մահացել պտուղը


Հղիության 9 ամսվա ընթացքում որևէ գանգատ չունեցող երիտասարդ կնոջ երեխան մահացել է հենց ծննդաբերության ժամանակ՝ սեպտեմբերի 26-ին, պատմում են հարազատներն ու պնդում՝ բժիշկներն են դանդաղել:

Թեպետ հղիությունը հսկող Աբովյանի ծննդատան գինեկոլոգ Գայանե Քոչարյանը ենթադրյալ ծննդաբերության օր էր նշանակել սեպտեմբերի 20-ը, այդուհանդերձ, վիրաբույժ Սլավիկ Օհանյանը, ելնելով երեխայի գլխի չափերից ու դիրքից, սեպտեմբերի 26-ին նաև կեսարյան հատման օր է նշանակել: Դրանից մեկ օր շուտ կինը զանգահարել է բժշկուհուն ու գանգատներ նշել, ժամեր անց բժիշկն ու հղին հանդիպել են հիվանդանոցում ու սկսվել է չնախատեսված ծննդաբերություն:

«Չենք հասկանում՝ ոնց կարող էր էրեխեն մի օրվա մեջ 180 աստիճանով թեքվի, եթե տոտիկային է։ Մի պահ տղայիս հետ իջանք ծխելու, եկանք, տեսանք կինս ու աղջիկս չկան, կանչել են ներս։ Մտա ներս, ողբը գնում է, կինս իրան սպանում է, աղջիկս էլ էնտեղ, ոչ մեկը ոչ մի պատասխան։ Մեր էրեխեն չկա»,- պատմում է 28-ամյա հղի կնոջ սկեսրայրը՝ Գրիշա Գրիգորյանը, ով թոռան համար արդեն անուն էր ընտրել։

Երեխայի դիրքը վերջին շաբաթներին թեև նորմայից փոքր ինչ շեղված է եղել, ծննդատան ու առողջապահության նախարարության մասնագետները պնդում են՝ տոտիկային ու խառը հետույքային դիրքը երկրորդ երեխան ունեցող կնոջ համար կեսարյան հատման ցուցում չէ: Բժիշկներն ամեն դեպքում պատրաստվել են կեսարյան հատման, երբ կնոջ մոտ սկսվել է ծննդաբերության ընթացքը:

Ծննդատան տնօրենի բուժգծով տեղակալ Էդիկ Մնացականյանն ասում է՝ չհասցրեցինք.- «Վիրահատարանը պատրաստելուց հետո բուռն ծննդաբերական գործունեություն է սկսվել։ Էդ բուռն ծննդաբերության գործունեության ֆոնի վրա պտղաջրերի արտահոսք է դիտվել և տոտիկի արտանկում։ Էստեղ բարդությունն այն է, որ ամբողջ պտղի մարմինը դուրս գալուց հետո գլխի դուրս բերումը դժվարացել է։ Ծնվելուց մոտավորապես տասը րոպե առաջ պտղի զարկերը սկսել են տուժել ու հատուկենտ են եղել։ Պտուղը դժվարությամբ դուրս է բերվել՝ արդեն մահացավ»։

Մահացած երեխայի պապը պնդում է՝ երբ հեռախոսով հարսը բժշկին գանգատներն է ներկայացրել, վերջինս պետք է նրան շտապ հիվանդանոց հրավիրեր։ Գրիշա Գրիգորյանը նաև վիրաբույժի մեղքն է տեսնում տեղի ունեցածում.- «Բա դու էլ խիրուրգ ես, տեսնում ես, որ տոտիկային է, ո՞րն է ձեր օգնությունը»։

Ծննդատան տնօրենի բուժգծով տեղակալը չի հերքում՝ եթե շուտ լիներ կեսարյան հատումը, գուցե և երեխան փրկվեր, բայց ստեղծված իրավիճակում անհնար էր կանխատեսել, թե հետագա ընթացքն ինչ զարգացում կունենար և թե այդ «շուտ» ասվածը երբ էր։

«Հանգամանքներից ելնելով՝ քանի որ վերջավորությունը շատ վատ է ստացվել, պոստֆակտում կարել է մտածել, որ շուտ գար, էդ ամեն ինչը կկանխվեր, շուտ կանչեր, շուտ գար»,- ասում է Մնացականյանը։

Պապը պատմում է, որ փոքրիկին երկար էին սպասել՝ հինգ տարի: Ավագ թոռը մորից անբաժան է եղել, պատրաստվել էր եղբոր հետ իր տարեդարձը նշել, բայց չկարողացավ։

Իրավապահ մարմիններն ուսումնասիրում են գործով առգրավված փաստաթղթերը: Նշանակվել է փորձագիտական քննություն՝ փոքրիկի մահվան պատճառները պարզելու համար: Առողջապահության նախարարությունից փոխանցեցին՝ իրենք նույնպես սպասում քննության ավարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG