Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի սեպտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՀ-ում կոռուպցիայի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը աշխարհում Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունն է: Այդ պայքարին մենք շատ լուրջ ենք մոտենում և այդ մասին բազմիցս խոսել է նախագահ Օբաման, այդ թվում՝ իր 2015 թվականի Ազգային անվտանգության հայեցակարգում, 2014 թվականի սեպտեմբերի 24-ի Բաց կառավարության գործընկերության ելույթում և շատ այլ առիթներով: Այս պայքարը կարող է հաղթական ավարտ ունենալ միայն մեր ընկերների՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ՀՀ կառավարության (ովքեր բազմիցս արտահայտել են իրենց հանձնառությունը այս գործին) հետ համատեղ աշխատանքի շնորհիվ», - նշված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար: «Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը»,- ասել էր Միլսը: Նա գործարարներին հորդորել էր չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին: