Մատչելիության հղումներ

Գլխավոր շտաբի պետը դժգոհում է ՀԱՊԿ-ից


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով, 30-ը սեպտեմբերի, 2015թ.
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով, 30-ը սեպտեմբերի, 2015թ.

ՀԱՊԿ անդամ երկրների՝ ադրբեջանական հրետակոծումների հանդեպ անհաղորդ կեցվածքի կապակցությամբ, Յուրի Խաչատուրովն ընդգծեց՝ ռազմական այդ կառույցի անդամ Հայաստանն անգամ բարոյական աջակցություն չի ստանում դաշնակիցներից:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այդ մասին հայտարարեց պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում, որտեղ այսօր մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ «Անխախտելի եղբայրություն-2015» խորագիրը կրող զորավարժությունները:

«Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, բայց առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա: Ցանկալի կլիներ լսել նման արձագանք: Մենք անվտանգության նույն կառույցի, նույն համակարգի մեջ ենք, ուստի պետք է որ գոնե արձագանք հնչի: Առայժմ օգնություն չենք խնդրում, սակայն ցանկալի կլիներ ունենալ զուտ մարդկային աջակցություն»,- լրագրողներին ասաց Խաչատուրովը:

Նա ընդգծեց՝ հայկական կողմը հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում: «Մենք ինքներս կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք մեզ համար ամեն օր ստեղծում է Ադրբեջանը: Ուղղակի տեղեկության համար ասեմ՝ նախորդ 15 օրվա ընթացքում նրանք մի քանի հազար արկ ու ական են ուղղել մեր դեմ, դրանք պայթել են մեր գյուղերում, դիրքերում, 10 կիլոմետր խորության վրա: Մենք համարժեք պատասխանել ենք, այժմ խոսքը նրանցն է, նրանք լուրջ կորուստներ ունեն»,- շարունակեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը:

Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից է, սակայն դաշինքը երբեք որևէ գործողություն չի ձեռնարկել՝ չեզոքացնելու ադրբեջանական սպառնալիքը: Ավելին՝ ՀԱՊԿ-ը հրապարակավ չի քննադատել Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների և դիրքորոշման համար:

ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի ընթացքում նախագահ Սարգսյանը խոսեց Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի մասին, սակայն դաշինքի մյուս անդամները լռությամբ արձագանքեցին: Ավելին՝ գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարությունում որևէ անդրադարձ չեղավ հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Այսօրվա զորավարժություններին ներկա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին հարցրեցինք՝ ինչո՞ւ կառույցը չի արձագանքում, երբ հարձակման է ենթարկվում Հայաստանը: Վերջինս պատասխանեց, որ անձամբ է ներկա եղել, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը այս հարցը բարձրացնում դաշինքի հանդիպումներում, սակայն դրանց արդյունքում աջակցության մասին որևէ որոշում չի կայացվել:

«Եղավ քննարկում, սակայն ուժի կիրառման մասին որոշում չեղավ, եթե լիներ նման որոշում, մենք, իհարկե, կպատրաստվեինք ու կիրականացնեինք»,- ասաց ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյան:

Փոխարենը գեներալ-գնդապետ Սեմերիկովը դարձյալ խոսեց դաշինքի միասնականությունից՝ նկարագրելով, թե որքան արագ կարող են արձագանքել, եթե հարձակման ենթարկվի դաշինքի անդամ որևէ երկիր:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակում է լարված պահել ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանը, տեղեկացրեց․ - «Այս գիշեր քիչ թե շատ հանգիստ էր, չնայած մոտ 100 արկ է պայթել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ:

Հանգիստ է Նախիջևանի ուղղությամբ, չգիտեմ ինչո՞ւ են ադրբեջանցիներն այնտեղ իրենց լավ պահում: Մենք կորուստներ չունենք, վիրավորներ չունենք: Հակառակորդին պատասխան հարված ենք հասցրել, մեր տեղեկություններով՝ նա կորուստներ ունի: Առայժմ չենք կարող հստակ թիվ նշել հակառակորդի կորուստների վերաբերյալ, տեղեկությունը մշակում ենք: Կարծում եմ, երեկոյան կողմ արդեն պարզ կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG