Մատչելիության հղումներ

Քաղաքացիներն ընդդեմ «Էրեբունի-Երևան»-ի տոնական շռայլ ծախսերի


Երևանի քաղաքապետարանը, արխիվ
Երևանի քաղաքապետարանը, արխիվ

Քաղաքապետարանի կտրուկ մերժումը դժգոհության ու զայրույթի նոր ալիք է բարձրացրել նախաձեռնության շրջանում, որը պահանջում է «Էրեբունի-Երևան» տոնակատարության գումարներն ուղղել սահմանային գյուղերից մեկի խմելու ջրի հարցը լուծելուն:

Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցությունը տարիներ շարունակ է բարձրաձայնում այսպիսի ծախսերի աննպատակահարմարության մասին։

«Հավանաբար փողերն արդեն ծախսված են։ Քանի որ չեն կարող դրա մասին բարձրաձայն խոստովանել, իսկ տոնակատարությունները փողերը տնօրինելու լավագույն ձևերից մեկն է՝ ասֆալտապատում, շինարարություն և այլն, դրան էլ գումարած այսպիսի միջոցառումներ, որոնք փաստացի անվերահսկելի են, ուզում են տեղավորել այդ փողերը արդեն», - ասում է «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը։

Սաֆարյանն առնվազն տարօրինակ է համարում քաղաքային իշխանությունների բացատրությունը, թե տոնակատարության հովանավորները չեն ցանկանում, որ գումարները ծառայեն սահմանամերձ գյուղերը բարելավելուն՝ նախընտրելով, օրինակ, ֆինանսավորել հրավառությունը։

«Եթե այդ բարերարները գտնում են, որ մի շարք ընտանիքներում զինվորների դագաղը դրված՝ հանրապետությունում պիտի խրախճանք լինի, հրաժարվեք այդպիսի բարերարներից։ Երևանը պետք է ավելի համեստ նշի իր տոնը, իսկ այդ գումարները, որոնք վատնվում են տարատեսակ սազանդարների, գուսանների ու կասկածելի ծագումնաբանությամբ երգիչների բեմական կարիքները բավարարելու համար, պետք է դրանք ուղղվեն սահմանամերձ գյուղերին», - ասում է ավագանու ընդդիմադիր անդամը։

Երևանի քաղաքապետարանի առջև բազմիցս բողոքի ցույցեր անցկացրած Կարեն Հարությունյանը կռահում է՝ ինչու է Տարոն Մարգարյանն այսպես համառորեն ուզում առանձնակի ճոխությամբ նշել Երևանի տոնը. - «Գավառամիտ, քաղքենի այդ մշակույթը տարածելն ա, ու դրա միջոցով հաստատել իրենց լեգիտիմությունը, նաև նարցիսային ինչ-որ տրամադրությունները, որ մեր ազգը, չգիտեմ՝ ամենահզորն է ու ինչ։ Նման տիպի միջոցառումներ են նրանց բոլոր կազմակերպածները»։

Անցած տարի «Էրեբունի-Երևան» տոնի վրա ծախսվել է մոտ 380 հազար դոլար՝ մեծ մասը համայնքային բյուջեից։ Ակտիվիստը մատնանշում է՝ գումարները կարելի է ավելի արդյունավետ ծախսել. - «Նախ պետք է հասկանանք, թե այդ գումարները այլ տեղեր կան ծախսելու, թե չէ, հետո տոնի մասին մտածենք։ Օրինակ՝ առողջապահության ոլորտը. դա մի շատ կարևոր խնդիր է, որ, ասենք, դրա վրա գումարները չեն ծախսվում, ամեն ինչ մասնավորեցնում են, լրիվ սոցիալական ապահովվածությունը գցում են ապահովագրական ընկերությունների վրա։ Բժիշկների մոտեցումն է նույնիսկ շուկայական դարձել՝ փող չունես՝ գնա մեռի»։

Քաղաքապետարանին ուղղված պահանջն առցանց ստորագրել են հազարավոր մարդիկ։ Կարեն Հարությունյանը, սակայն, վստահ է, որ Տարոն Մարգարյանը չի նահանջելու, ուստի առաջարկում է հենց տոնական օրը բողոքի ակցիաներ անցկացնել. - «Եթե մարդիկ ասում են, որ՝ մենք չենք ուզում, կարելի է գնալ ու չթողնել, որ այդ տոնը կազմակերպվի։ Այդ տոնը իրենց տոնն է։ Լրիվ անտեսում են, ասում են՝ դուք ով եք, որ մի հատ էլ ձեր ասածը հաշվի առնենք, այստեղ մենք ենք որոշում»։

Տոնի հասցեատեր երևանցիները ևս հիմնականում ոգևորված չեն մեկ օրվա համար աստղաբաշխական այսպիսի գումարներ ծախսելու որոշմամբ։ «Ազատության» հետ զրույցներում շատերն էին ասում՝ ավելի ճիշտ կլինի գումարները սահմանամերձ շրջաններում ծախսել։

XS
SM
MD
LG