Մատչելիության հղումներ

Ղարաբաղից Երևան տեղափոխված վեց զինծառայողները ապաքինվում են


Ուրբաթ օրը Ղարաբաղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով վիրավորված ու Երևան տեղափոխված վեց զինծառայողների վիճակը այժմ գնահատում են միջին ծանրության։

Ղարաբաղի զորամասում զոհվել էին չորս զինծառայողներ, վիրավորվել՝ տասնվեցը։ Նրանցից միայն ամենածանր վիրավորում ստացածներն են բուժվում Երևանում, տեղեկացանք Կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Լևոն Ժամագործյանից։

«Զինվորների վիճակը բավարարից մինչև միջին ծանրության է։ Վեց հոգուց երկուսն են, որ միջին ծանրության են, մնացածը բավարար վիճակում են, երկուսը վաղը արդեն կուղարկվեն հետ՝ Ստեփանակերտ։ Բոլորն էլ կբուժվեն բարձր մակարդակով, ոչ մի պրոբլեմային հարց չկա»,- ասաց բժիշկը։

Նրանց բուժումը կտևի մեկից մինչև չորս ամիս։ Վեց զինվորներից երկուսն արդեն վիրահատվել են, մյուսները դեռ կվիրահատվեն։

Հոսպիտալում բուժվողներից մեկը հուլիսին բանակ զորակոչված շարքային Արկադի Մուրադյանն է։ Ուրբաթ օրը տեղի ունեցածն, ասում է, երբեք չի մոռանա։ Երեկոյան 5.30-ին շարված պատրաստվում էին վարժանքների։ «Հաց էինք կերել, ուզում էինք մեր կրակայինը շարունակել, գնացել էինք կրակելու, շարված էինք, ու էդ պահին գցեցին ականները։ Առաջինը ես վիրավորեցի հենց առաջին ականից»,- պատմեց զինվորը։

Խոստովանում է՝ պայթյունից շատ էին վախեցել.- «Էդքան բանը տեսնելուց հետո պրծանք էդ ամեն ինչից։ Չէինք պատկերացնում, որ կարող էր նման բան լինել։ Խառը իրավիճակ էր, ծուխ էր, առաջինը գցեցին, հետո 2-3 վայրկյան հետո նորից գցեցին»։

Արկադի Մուրադյանի հարևանությամբ պառկած է նրա ընկերը՝ Արման Ստեփանյանը։ Մայրն ասում է՝ որդուն բարդ վիրահատություն է սպասում։

«Ինքը թույլ է, չի կարողանում խոսել, չի ուզում էդ պահերը հիշի։ Շատ եմ Աստված կանչել, որ իմ երեխան փրկվել է, բայց պետք չէր... կարիք չկար ծնողազուրկ տղայիս [հայրը մահացել է 10 տարի առաջ] հասցնել Ղարաբաղ։ Թոշակառու կին եմ, հիվանդ եմ, վատ պայմաններում եմ ապրում, տնակի մեջ։ Էս վիճակում չգիտեմ ոնց եմ պահելու, կես մարդ դարձավ իմ էրեխեն»,- ասաց մայրը։

Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվում են նաև սահմանին տարբեր ժամանակներում վիրավորված ու այստեղ տեղափոխված տասնյակ այլ զինծառայողներ։ Նրանցից մեկն էլ ազգությամբ եզդի Հասան Թամոյանն է։ Վիրավորվել է մեկ ամիս առաջ Ղարաբաղում։ Պատմում է, որ տասներկու ընկերներով կանխել են ադրբեջանական դիվերսիոն հարձակումը։

«Տղերքը աղմուկ են լսում, հետո տղերքից մի քանիսը երկու հոգի են նկատում։ Սկսում են կրակել, ես էլ եմ պատրաստվում, որ կրակեմ, ցավոք, չեմ հասցնում լիցքավորել զենքս ու էդ ժամանակ հրազենային վնասվածքներ եմ ստանում։ Չեմ կորցրել ինձ, կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել ու հասկանալ, թե ինչ է կատարվում, ու էնպես անեմ, որ մեր տղերքն էլ խուճապի չմատնվեն իմ վիճակից»,- պատմեց զինվորը։

Զինվորական հոսպիտալում կողք կողքի բուժվող տղաները, այնուամենայնիվ, ասում են՝ առողջանալուց հետո պատրաստ են վերադառնալ ծառայության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG