Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, նոր լարումն անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանելով վերջին շրջանի լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն: Իհարկե, շատ տխուր փաստ է, որ շփման գծում սկսել են կիրառվել նախկինում չգործածված նոր տիպի զինատեսակներ: Ես անկեղծ հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր էսկալացիա չի լինի, քանի որ այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. նրա միակ լուծումը պետք է լինի միայն բանակցային սեղանի շուրջ», - ասել է ռուս դիվանագետը՝ հավելելով․ - «Ես չեմ կարող ասել , թե դա երբ կլինի, բայց հակամարտության երկու կողմերը, ինչպես նաև միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր գործադրեն այս հակամարտության կարգավորման ուղղությամբ»:
Անդրադառնալով հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ընդունելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Մինսկի խմբի համանախագահների ուղղած կոչին, Վոլինկինն ընդգծել է․ - «Այդ մեխանիզմի գործարկումը անհնար է առանց երկու կողմերի համաձայնության, և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Անշուշտ, սահմանային դեպքերի հետաքննության մեխանիզմի կիրառությունն անհրաժեշտ է, բայց դրանից առաջ նաև պետք է բարձրացնել փոխադարձ վստահության մեխանիզմները»: