Մատչելիության հղումներ

Վարչապետն անձամբ հանդիպեց մայրուղին փակած խաղողագործներին


Հովիկ Աբրահամյանը զրուցում է Երևան-Երասխ մայրուղին փակած խաղողագործների հետ, 25-ը սեպտեմբերի, 2015թ․
Հովիկ Աբրահամյանը զրուցում է Երևան-Երասխ մայրուղին փակած խաղողագործների հետ, 25-ը սեպտեմբերի, 2015թ․

Չնայած Հովիկ Աբրահամյանի հավաստիացումներին, գյուղացիները թերահավատ են, թե իրենց բերքը կմթերեն, «փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ»,- դժգոհում են խաղողագործները:

Ճիշտ այն պահին, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության նիստում հայտարարում էր, թե մթերող ընկերությունների թիվն օր-օրի ավելանում է, Արարատի մարզի խաղողագործները դուրս էին եկել Երևան-Երասխ մայրուղի, փակել էին այն ու պահանջում էին, որ վարչապետը գա և բացատրի՝ ի՞նչ անեն տոննաներով կուտակված բերքի հետ, երբ գործարանները հրաժարվում են այն մթերել։ Հովիկ Աբրահամյանը ժամեր անց գնաց արարատցիների մոտ։

«Որ մի բան ա ըլնում՝ զանգեք ասեք, ես կգամ», «համարդ չունենք, պարոն վարչապետ», «մարզպետին ասեք, ինքը կզանգի, ես կգամ»: Մի պահ այսպիսի խոսակցություն տեղի ունեցավ վարչապետի և գյուղացիների միջև:

Վարչապետը հավաստիացրեց, թե շուտով բոլոր գործարաններն են սկսելու մթերումը, ճանապարհը փակած ու խաղողով բեռնված մեքենաներն էլ ուղարկեց իր ծննդավայր Մխչյանի գործարան։ Հավաքված գյուղացիները, սակայն, թերահավատ էին, թե այդպիսով խնդիրը կլուծվի։ «Էլի փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ»,- ասում էին ոմանք։

«Իրա աղբոր զավոդն ա Մխչյան, ուղարկեց ընդեղ, որ թափեն ու ժողովուրդը ձենը կտրի, ձևականորեն ուղարկեց, որ ժողովրդի աչքը փակի։ Հեսա կթափեն, դուրս կգան ու ֆսյո, պրծավ»։

Նոր Ամասիա գյուղի հարևանությամբ գտնվող կոնյակի-գինու-օղու կոմբինատի մոտ կիլոմետրերով հերթեր են առավոտից մինչե ուշ գիշեր։ Խաղողագործներն այստեղ են քնում ու արթնանում՝ սպասելով իրենց հերթին։ Բեռնատար մեքենաներից խաղողի հյութ է ծորում, բայց հերթի մեջ կանգնածները տուն չեն գնում։ Գյուղացիների խոսքով, Ծառուկյանին պատկանող այս գործարանը շրջանում միակն է, որ այժմ խաղող է ընդունում, բայց սահմանափակ՝ նախորդ տարվա չափով։ Սոխակ Հովհաննիսյանն անցած տարի 70 տոննա բերք ուներ, այս տարի՝ 130 տոննա: Չգիտի, թե մնացած 60 տոննան ինչ է անելու։

«Պիտի դիմենք մյուս գործարաններին կամ մի հատ էլ ճանապարհ փակենք, որ էս կառավարությունը արթնանա, մի բան անի։ Մեր նախարարն ասում ա՝ մի գիլա հատիկ չի մնա, բայց որտեղ դիմում ես, դռները փագ ա մեր առաջ։ Պռոշյանն ասում ա՝ իմ մոտ չեք հանձնել, չեք հանձնելու ստեղ, մինչև մարտ ինչո՞վ ապրենք»,- ասում է Հովհաննիսյանը:

Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի տնօրեն Արմեն Զաքարյանը պարզաբանում է՝ ոգելից խմիչքի արտահանման ծավալները կտրուկ նվազել են, և հավելյալ բերքի կարիք չունեն։

«Կոնյակի սպառման ծավալները այս տարի կտրուկ նվազել են։ Մենք ուղղակի տեխնիկական հնարավորություն չունենք ավել բերքը մթերելու, և պարոն Ծառուկյանը, ընդառաջ գնալով բազմաթիվ, բազմահազար գյուղացիների խնդրանքին, ուղղակի բարի կամք դրսևորեց, որպեսզի գոնե անցած տարվա մթերված ծավալով մենք կարողանանք մթերում իրականացնել»։

Գործարանի մոտ հավաքված գյուղացիները ստեղծված իրավիճակի համար նախևառաջ կառավարությանն են մեղադրում։

«Ասում էին տնգեք, աճեցրեք, պրոբլեմ չունեք, խաղողագործությունը Հայաստանի սիրտն ա, դե մենք էլ գյուղացի մարդ ենք, մտածեցինք՝ տնգենք, արել ենք, հիմա վատ բան ենք արե՞լ բալա ջան»,- դժգոհում էին մարդիկ։

Նոր Ամասիա գյուղից Հովհաննիսյան Ռադիկն ասում է․ - «Սաղ օրը դաշտերը տանջվում են ժողովուրդը, կարելի ա ասել՝ ստրուկի պես, պլանտացիաներում, Աֆրիկայում էն նախկին դարաշրջանում ո՞նց ա եղել, ստեղ ուղղակի մտրակող-հարվածողը չկա։ Ոչ թե գյուղացուն հող տվեցին, գյուղացուն պիտի հողին հանձնեն։ Հողին կամաց-կամաց պիտի ընտելանանք»։

Խաղողի այգիներում եռուզեռ է դեռ առավոտից։ Թուրքիային սահմանակից Շենավանում գյուղացիներն առանց հանգստի աշխատում են, թեև վախ ունեն, որ, չնայած կառավարության խոստումներին, «բերքը գետնին կմնա»։ Մտավախություն ունեն հատկապես նրանք, ովքեր գործարանների հետ պայմանագիր չունեն։ «Էս բաղի հույսին ենք, ոչ վառելիք ենք առել, ոչ մի բան, պայմանագիր էլ չկա, թազա այգի ա, ոնց պիտի էղնի էս ժողովրդի վիճակը, էս ընտանիքի վիճակը»։

Առանց իրար հերթ տալու, շենավանցիները պատմում են վերցրած վարկերի ու պարտքերի մասին։ Շիրին Հասոյանն էլ ցույց է տալիս հարևան այգիները: Դրանց տերերը եկամտի պակասի պատճառով այգիները հողին են հավասարեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG