Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով:
«Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, ովքեր իրենց կյանքի գնով են բերքը մշակում, իրացումն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցում», - նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշել է Կարապետյանը:
Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանն ասել է, որ ընկերությունն օրական մթերում է 200 տոննա խաղող, ընդ որում՝ ամբողջությամբ Տավուշի մարզից: Ըստ նրա, խաղողագործների հետ կնքված պայմանագրերով նախատեսվում էր մթերել 4 հազար 100 տոննա խաղող, սակայն որակյալ արտադրանքի առաջարկի դեպքում ընկերությունը պատրաստ է անսահմանափակ քանակությամբ մթերումներ իրականացնել:
Նախարարը եղել է նաև Այգեպարի գինու գործարանում, որտեղ խաղողի մթերումները կսկսվեն սեպտեմբերի 28-ից: Թեև նախապես պայմանագրեր չեն կնքվել գյուղացիների հետ, սակայն պատասխանատուները հավաստիացրել են, որ պատրաստ են մթերել ամբողջ բերքը:
Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել նաև Վարագավան, Այգեհովիտ, Բերդավան համայնքների խաղողագործների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին:
Սահմանամերձ Այգեհովիտ համայնքում խաղողագործները տեղեկացրել են, որ մեծ դժվարությամբ են հավաքում խաղողի բերքը։ Նախարարը հորդորել է առաջին հերթին հետևել իրենց անվտանգությանն ու զգոնություն պահպանել։
Բերդավանում Սերգո Կարապետյանը խաղողագործներին հավաստիացրել է, որ չնայած վերամշակող ընկերությունները խնդիրներ ունեն, սակայն նախորդ տարվա մթերման գինը կպահպանվի, բերքն ամբողջ ծավալով կմթերվի, դաշտում խաղող չի մնա:
Նախարարի խոսքով, անցյալ տարի Տավուշի մարզում արտադրվել է շուրջ 15 հազար տոննա խաղող, որից մթերվել է 7 հազար 500-ը, այս տարի բերքն ավելի առատ է, կան տարածքներ, որտեղ հեկտարից մինչև 25 տոննա խաղող են ստանալու: Մարզում կան հինգ մթերող կազմակերպություններ, որոնցից երեքն արդեն մթերումներ են իրականացնում:
Անդրադառնալով վճարումների հարցին՝ նախարարը մասնավորապես նշել է, որ Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը վճարումները կատարում է եռօրյա ժամկետում, մնացած ընկերությունները՝ ըստ սահմանված գրաֆիկի:
Նախարարն այցելել է նաև Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան, որտեղ խաղողի մթերումների մեկնարկն այսօրվանից արդեն տրված է: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Էգոյանի խոսքով, հաշվի առնելով բերքի առատությունը՝ այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավելի խաղող կմթերեն։