Մատչելիության հղումներ

Ռուս հոգևորականը Սոչիի հայերին՝ «թուրքերը լավ չմորթեցին ձեզ»


Արթուր Գևորգյանը «Սկայպ»-ով զրուցում է «Ազատության» հետ
Արթուր Գևորգյանը «Սկայպ»-ով զրուցում է «Ազատության» հետ

«Ազատության» հետ զրույցում հայր Լազար Սեմյոնովը ասաց, որ «զղջում է իր խոսքերի համար և պատրաստ է ծնկի իջնել ողջ հայ ժողովրդի առջև»:

Ռուսաստանի ամենահայաշատ համայնքներից մեկում՝ Սոչիում ռուս հոգևորականը, ըստ համայնքի ներկայացուցիչների, անարգել է հայ ժողովրդին և ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տեղում գործող "Народная память" հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանը պատմեց՝ Սոչիում գտնվող Սրբոց Թագավորական Նահատակաց եկեղեցու վանահայր Լազար Սեմյոնովը իր ընկերոջ հետ անցած շաբաթ քաղաքի Լազարևսկի շրջանում ծեծի է ենթարկել ռուս մի քաղաքացու, և երբ տեղաբնակ Սարգիս Քարբաշյանը փորձել է անսթափ հոգևորականի ու նրա ընկերոջ ձեռքից ազատել ծեծվողին, հայր Լազարը սկսել է վիրավորել հայերին:

«Այն բանից հետո, երբ Սարգիսը եկել է ու փորձել է իր ռուս ընկերոջ պատիվը պահել, հոգևորականը սկսել է հայ ժողովրդի հասցեին հայհոյանքներ տեղալ, հավելելով՝ թուրքերը լավ չմորթեցին ձեզ»,- պատմեց Գևորգյանը։

Տեղի ունեցածը տեսանկարահանվել է, հայկական կազմակերպության նախագահը «Ազատությանը» տրամադրեց այդ տեսանյութը:

Արթուր Գևորգյանի խոսքով, տեղի ունեցածից անմիջապես հետո Սարգիսն ու իր ռուս ընկերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել իրավապահներին՝ պնդելով, որ հոգևորականն ու նրա ընկերը ծեծի են ենթարկել: Ծեծի ենթարկվածը նաև բժշկական փորձաքննություն է անցել, սակայն գործ է հարուցվել ոչ թե ռուս հոգևորականի, այլ Սարգիս Քարբաշյանի դեմ:

«Երեկ հոգևորականը Սարգիսի դեմ հաղորդում է ներկայացրել, և ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Սարգիսի նկատմամբ»,- ասաց Գևորգյանը ու հավելեց՝ փորձում են հնարավորինս աջակցել Սարգիսին, միաժամանակ Ռուս ուղղափառ եկեղեցուց պահանջում են գնահատական տալ տեղի ունեցածին:

«Նա իրավունք չուներ այդպես իրեն պահել, ազատություն տալ ձեռքերին, ծեծել երիտասարդ տղային: Հոգևորականի ձեռքերը համբուրում են հավատացյալները, իսկ նա այդ ձեռքերով մարդկանց է հարվածում»,- հավելեց Գևորգյանը։

«Ազատության» հետ զրույցում Լազար Սեմյոնովը ասաց, որ «զղջում է իր խոսքերի համար և պատրաստ է ծնկի իջնել ողջ հայ ժողովրդի առջև»:

«Ես ծեծի եմ ենթարկվել այդ երիտասարդների կողմից և աֆեկտի վիճակում նրանց հասցեին արտաբերել եմ անվայել խոսքեր, որոնք հաստատապես ուղղված չեն հայ ժողովրդին: Այժմ ներկայացվում է, իբր ես հայ ժողովրդի մեծ թշնամին եմ, դա այդպես չէ: Հայ ժողովրդին հարգում եմ, սիրում, մեր եկեղեցի են այցելում ազգությամբ հայ հավատացյալներ, հայերի շրջանում շատ սանիկներ ունեմ, որոնց կնքել եմ անձամբ»,- ասաց հայր Լազարը։

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են նաև Ռուսաստանի հայերի միությանը՝ արձագանքելու կոչով: Միջադեպից անցել է մեկ շաբաթ, բայց Արա Աբրահամյանի գլխավորած կառույցը դեռ արձագանք չունի. այնտեղից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց դիրքորոշումը կներկայացնեն առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG