Հանրապետական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կիսում է իրավապահների մտահոգությունը, կապված Զարուհի Փոստանջյանի՝ ԱԱԾ բնորոշմամբ՝ «սադրիչ հայտարարությունների հետ»: Իշխող կուսակցության ներկայացուցչի կարծիքով, նման հայտարարությունները անպատիժ չպետք է մնան։
«Իրոք, նման տիպի մարդկանցով հարկավոր է զբաղվել, շատ լուրջ զբաղվել, որովհետև նման էլեմենտները, նման երևույթները վտանգավոր են մեր երկրի, պետականության համար: Իսկ ո՞վ է ասել, որ հանցագործություն կատարող մարդը, որը որ կռիվ է անում, ինչ-որ գողություն է անում, նրանք կարող են պատժվել, իսկ ով որ իր երկրի վրա ստվեր է գցում, պետականության վրա ստվեր է գցում, նրանք չպետք է պատժվեն»,- հարց է տալիս Բաղդասարյանը:
Հանրապետական խմբակցության ղեկավարն անկեղծանում է՝ իշխանություններին անընդհատ քննադատող Փոստանջյանի ելույթները փորձում է քիչ լսել, իր տպավորությամբ՝ պատգամավորը միշտ նույնն բանն է ասում։
«Պարզապես չբավարարված մարդու, անհատի, կներեք, որ քաղաքական գործիչ բառը ես չեմ օգտագործում, արտահայտություններ են, կարծես թե՝ մարդ, որը միտված է միայն վարկաբեկելու երկիրն ու պետությունը, այն երկիրն ու պետությունը, որտեղ ապրում և մեծանում են իր երեխաները»,- շարունակում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա համաձայն չէ պնդումներին, թե ԱԱԾ հայտարարությունը քաղաքական ճնշում է. - «Նրանք քաղաքական ճնշումների ենթարկվող մարդիկ չեն, որովհետև նրանք քաղաքական չեն, եթե լինեին քաղաքական, կարելի էր հետևություններ անել»:
Ինչպես և իշխող Հանրապետականը, ԱԱԾ նախազգուշացումը տեղին և ժամանակին է համարում նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ը։ Կուսակցության խոսնակ Վահան Բաբայանն անգամ ողջունել է իրավապահների հայտարարությունը, պնդելով, թե «ազատ արտահայտվելու սահմանադրական իրավունքի հետ մեկտեղ, որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա հրապարակավ այնպիսի արտահայտություններ կամ հայտարարություններ անել, որոնց մեջ հնարավոր է՝ լինեն Հայաստանի Հանրապետության պետականության, ազգային անվտագության վերաբերյալ որոշակի բացասական երանգներ»:
Մինչդեռ՝ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տպավորությամբ, Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը գրվել է «30-ականներին՝ Բերիայի կողմից»։
«Սա արդեն, չգիտեմ, կարիկատուրա է, սա Չիպոլինոյից է ինչ- որ մի դրվագ, ասենք, դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ օգտագործում է «իր ելույթներով հասարակությանը հոգնեցրած» արտահայտությունը, սա ի՞նչ է նշանակում, մարդիկ արդեն քաղաքական հայտարարություննե՞ր են անում: Ես ուզում եմ հիշեցնել, որ իրենք այդ առաքելությունը չունեն»,- ասում է Զուրաբյանը:
Նրա պնդմամբ, հատուկ ծառայությունն այս հայտարարությամբ խախտել է Սահմանադրությունը: Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին խորհուրդ է տալիս ուսումնասիրել այն։ «Համար 66 հոդվածն ասում է, որ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Իսկ Զարուհի Փոստանջյանի ասած որևէ բան ոչ մի զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում»,- հիշեցնում է Լևոն Զուրաբյանը:
Եթե սա տեղի ունենար դեմոկրատական երկրում, ապա, ըստ Զուրաբյանի, իրավապահ այդ կառույցի ղեկավարը կհեռացվեր պաշտոնից, բայց հիմա նա նման բան չի ակնկալում, իսկ հատուկ ծառայության կոշտ արձագանքի պատճառը հասկանում է: Նրա խոսքով, ԱԱԾ-ում չեն հասկացել, որ «Բաստիլ քանդելը» պատկերավոր արտահայտություն է, այլ ոչ թե ԱԱԾ շենքը քանդելու կոչ։
Իշխող հանրապետականները հակադարձում են՝ ժողովրդավարությանը կողմնակից են, բայց ազգային մենթալիտետը հաշվի առնելով։ «Արդյո՞ք արդեն հայ ժողովուրդը հասել է այն աստիճանին, որ արդեն կորցրել է ազգային արժեքները, իր բոլոր այն սկզբունքները, որոնք որ որդեգրել է, և մենք պետք է կուլ գնանք այդ խոսքի ազատությանը, ես կարծում եմ, որ ոչ, և նման սադրիչ արտահայտությունների հետ կապված՝ ես լրիվ կողմնակից եմ, որ մենք մի փոքր ձեռնպահ մնանք այդ ժողովրդավարություն ասած բառից»,- ասում է հանրապետական Վահրամ Բաղդասարյանը: