Մինչ Հայաստանում երեկ նշում էին Անկախության տոնը, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներից շատերը, պատսպարվելով հակառակորդի կրակոցներից, անասնագոմերում են գիշերել:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, երեկ մինչև ուշ գիշեր տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակի տակ է պահել Հայաստանի սահմանամերձ համայնքները: Իրավիճակը լարված է եղել հատկապես Բաղանիսում:
Գյուղապետ Նարեկ Սահակյանը, ցույց տալով տուժած տների տանիքները, պատմում է, որ այսօր առավոտն էլ խաղաղ չի բացվել:
«Իմ կարծիքով սա կապված է Անկախության տոնի հետ, կա անհանգստություն, բայց էդ վախի մթնոլորտը, որ տեսնում ենք, միայն սոցցանցերի և կայքերի էջերում ենք տեսնում, մեր ճակատագիրը սա է, էսպես էլ պետք է ապրենք: Ու ամենակարևորը՝ ժողովուրդը տրամադրված է, որ իր տունը չի լքի»,- ասում է Սահակյանը:
Խաղողաքաղի այս օրերին բերքը մնացել է դաշտերում․ գյուղացիները այգիներին մոտ գնալ չեն համարձակվում: Պատմում են, որ սահմանից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մեծ մասը կրակահերթերից բռնկվել է, մեկ այլ գյուղում էլ մեքենաներ են այրվել:
«Մեզ համար բախչում աշխատում էինք, միանգամից սկսեցին կրակել, վախից գոմը մտանք», «ես մենակ ուզում եմ, որ էս զենք հնարողը դժոխքի փայ դառնա»,- գանգատվում են գյուղի բնակչուհիները:
Գյուղի՝ սահմանին դեմ-դիմաց գտնվող կենտրոնական թաղամասի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը, թեև պատմում են, որ շուրջ 20 տուն է տուժել, վնասվել են հիմնականում տանիքները: Կես կատակ-կես լուրջ ասում են՝ արդեն իմունիտետ ունեն, մահն ամեն օր գալիս ու գնում է՝ իրենց շրջանցելով:
Հարսին և 8 ամսական թոռանն այս օրերին գյուղի մյուս ծայրն ուղարկած տիկին Հասմիկը գիշերը լուսացրել է իր անասնագոմում: Ասում է՝ սա ամենաապահով վայրն է:
«Ինչքան կարա մարդ ստի կենա էլի, ոնց կարելի ա սենց, արդեն գժվելու շեմին ենք»,- ասում է կինը:
Հակառակորդի երեկվա սաստիկ կրակահերթերի հետևանքով հայկական կողմում մեկ վիրավոր կա: Պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանը բեկորային վնասվածք է ստացել: ՊՆ-ից փոխանցեցին, որ զինծառայողն այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու վերադարձել ծառայության: