Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը մոտ մեկուկես տարի առաջ թողեց Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստերի պաշտոնը, այս ընթացքում, սակայն, նրա նախաձեռնությամբ ստեղծվեց հայկական բալետային պարարվեստի զարգացման «Բալետ 20-21» հիմնադրամը։
Այս հիմնադրամի նախաձեռնությամբ, նաև` մշակույթի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 29-ին Իտալիայի Վերոնա քաղաքում ներկայացվելու է «Ամեն» ներկայացում-շոուն։
Ռուդոլֆ Խառատյանի խոսքով, բեմադրության կոմպոզիտորը Արաքսյա Մուշեղյանն է։ Բեմադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և հնչելու է որպես եզրափակիչ ակորդ այս տարվա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։
Հայաստանում սեպտեմբերի 23-ին Օպերային թատրոնում կներկայացվի Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ արեգակներ» բալետը, որից հետո միանգամից պարախումբը կմեկնի Վերոնա։
«Շոուն կպատմի ամբողջ հայ ազգի պատմությունը։ Ես եմ բեմադրող և՛ բալետմեյստերն եմ այս ամբողջ ներկայացման, և՛ ռեժիսորն եմ։ Այնպես ենք արել, որ ցույց տանք ամբողջ հայ պատմությունը 5 հազար տարի առաջվանից մինչև այսօր, ցույց տանք մեր անցած ճանապարհը՝ ընդգրկելով շատ հայտնի երգիչներ, երգչուհիներ, համաշխարհային աստղեր նույն բեմադրության մեջ՝ 1 ժամ 40 րոպեանոց, որից կես ժամը կլինի բալետայինը, այսինքն՝ օրգանական մաս է դառնալու բալետն ամբողջ ներկայացման։ Երգերով է պատմությունը ուղեկցվելու, պարերով, այսինքն՝ բեմադրության, ոչ թե պարերով, բալետային, և էկրաններ պետք է ունենանք շատ մեծ, որտեղ կցուցադրվեն մանրանկարչության գոհարներ, մեր ճարտարապետության, պատմամշակութային», - ասաց Խառատյանը։
«Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ շատ էր ցանկանում, որ Վերոնա եկող իտալացին կամ օտարը, որ պետք է դիտի ներկայացումը, շատ ավելի ուրիշ աչքերով տեսնի Հայաստանը։ «Այն, ինչ-որ ես կուզեի, որ Հայաստանը ներկայացվեր», - ասաց Խառատյանը։
Վերոնայում կայանալիք «Ամեն» խորագրով բեմադրությանն իրենց մասնակցությունն են բերելու այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Ջուլիետա Գալստյանը և այլ նշանավոր հայ երգիչներ։ Նրանց հետ համատեղ հանդես են գալու նաև իտալացի երաժիշտներ, երգիչներ՝ ամերիկացի անվանի դիրիժոր, աշխարհի լավագույն նվագախմբերը ղեկավարած Ջոն Ֆիորեի գլխավորությամբ։
Հարցին, թե բեմադրությունը ներկայացնելո՞ւ են Հայաստանում, Խառատյանը պատասխանեց. - «Հնարավոր է։ Նրանք մտադրություն ունեն ոչ միայն Իտալիայում ներկայացնենք, այլ ամբողջ աշխարհով այս շոու ներկայացումը շրջի»։
Ինչ վերաբերում է Հայաստանում բալետային արվեստի զարգացմանը, ապա Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ «Բալետ 20-21» հիմնադրամը հենց լծվել է այդ գործին։ «Էս վերջերս մենք մեծ ներկայացում ներկայացրեցինք «Զույգ արեգակներ», շատ հետաքրքիր ներկայացում է։ Ասեմ, որ բալետը իհարկե առաջընթաց ունի», - նշեց նա։