Երեկ Կուբայի մայրաքաղաք Հավանայի Չե Գևարայի անվան հրապարակում ավելի քան 300 հազար մարդ է մասնակցել Հռոմի պապի հետ հանդիպմանը:
Ժամանելով հրապարակ՝ Ֆրանցիսկոս պապը գրկել և համբուրել է 4-ամյա աղջնակի․ լրատվական գործակալությունները հրապարակում են նրա անուն-ազգանունը՝ Կարեն Կորեոսո:
9-օրյա պատմական այցի երկրորդ օրը Հռոմի պապը Կուբայի քաղաքացիներին հասցեագրել է մի շարք հորդորներ: Նա, մասնավորապես, կոչ է արել պահպանել ազգային բնավորության գծերը, կյանքը վայելել համապատասխան արժեքների շրջանակում և հոգատար լինել մերձավորների հանդեպ:
Պապը նախատեսում է Կուբայից ուղևորվել Միացյալ Նահանգներ, մինչ այդ նա Հավանայում ողջունել է ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունների բարելավումը:
«Այժմ մենք դարձել ենք մի իրադարձության վկա, որը մեզ հույս է ներշնչում», - ասել է Ֆրանցիսկոս պապը:
Պապը Միացյալ Նահանգների և Կուբայի իշխանություններին կոչ է արել հետևողական լինել հարաբերությունների բարելավման հանձնառության մեջ:
Հռոմի պապն իր ներդրումն ունի երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում: Կուբայի քաղաքացիները երեկ նրան երախտագիտության խոսքեր են ուղղել:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը նաև դատապարտել է Կուբայում մարդու իրավունքների խախտումների դեպքերը:
Հռոմի պապի այցին ընդառաջ Կուբայի իշխանությունները 3․5 հազար բանտարկյալների են ազատ արձակել:
Միևնույն ժամանակ, Կուբայի քաղաքական հալածյալների իրավունքներով զբաղվող կազմակերպությունը հայտարարել է, որ իշխանությունները մոտ չորս տասնյակ ընդդիմադիրների են ձերբակալել՝ որպես Պապին հանդիպելու նրանց փորձերը կասեցնելու միջոց: Ձերբակալվածները շաբաթ երեկոյան փորձել էին հանդիպել Պապին, Վատիկանի խոսնակն ասել է՝ նախապես որևէ մեկը չէր դիմել Հռոմի պապին հանդիպելու խնդրանքով:
«Սուրբ հայրը չի պատրաստվում ինչ-որ բան փոխել Կուբայում», - ասել է քաղաքացիական իր պայքարով Կուբայում հայտնի Բերտա Սոլերը և ավելացրել, որ Հռոմի պապի այցի նպատակն իրականում Կուբայի և Միացյալ Նահանգների բարելավված հարաբերությունների քննարկումն է, ոչ թե ժողովրդավարական հարցերի կարգավորումը:
Հռոմի պապը հանդիպել է երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյին:
Նախատեսվում է, որ Ֆրանցիսկոս պապը երեք օր կանցկացնի Կուբայում, ապա կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսվում են նրա ելույթները ԱՄՆ-ի Կոնգրեսում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանում: