Շիրակի թեմի «Յոթ Վերք» եկեղեցու բարեգործական ջոկատն այսօր տվեց «Մեկ բացիկ, մեկ բնակարան» արդեն երրորդ ծրագրի մեկնարկը: Գյումրեցի երկու անօթևան ու սոցիալապես անապահով ընտանիքներ «Մեկ բացիկ, մեկ բնակարան»-ի շրջանակում արդեն ստացել են նվեր-բնակարաններ:
Բարեգործական ջոկատի անդամներն ասացին, որ երրորդ ծրագրի մեկնարկի հարցում տարակուսում էին, Ֆրանսիայից ստացված զանգը, սակայն, հուսադրել է նրանց:
«Ամռանը պատահական մի զանգ ստացանք: Մաթոսյան ազգանունով մի ֆրանսահայ, իմանալով մեր ծրագրի մասին, մեծապես հետաքրքրվել էր ու ցանկանում էր հանդիպել ծրագրային թիմին: Մեզ հետ հանդիպման ժամանակ պարզվեց, որ բացիկի մասին պատմող հոդվածը, որը տպագրվել էր ֆրանսիական թերթում, շատ հետաքրքրել էր այդ մարդուն, և, գալով Հայաստան, նա միանգամից ցանկացել է հանդիպել ու հասկանալ, թե մենք ինչ ենք անում: Հարցրեց՝ արդյո՞ք մենք երրորդ անգամ անելու ենք ծրագիրը, որ երրորդ ընտանիքը բնակարան ունենա: Ասացինք, որ ուզում ենք, բայց մտավախություններ ունենք: Այդ մարդու ոգևորությունն այնքան մեծ էր, որ իր հետ հանդիպումից հետո բոլորս գիտեինք, որ ծրագիրն անելու ենք»,- «Ազատությանը» ասաց ջոկատի ներկայացուցիչը:
Նա նշեց, որ իրենց հիմնական մտահոգությունը կապված է եղել բարեգործական բացիկները այս անգամ ևս նույն հիմնավորմամբ տարածելու դեպքում մարդկանց, հատկապես՝ գյումրեցիների հնարավոր պասիվ արձագանքի ու անտարբերության հետ: Բայց հեռանկարը, որ Մաթոսյանի օժանդակությամբ բացիկների՝ նաև ֆրանսահայ համայնքում հաջող վաճառքը կարող է ոգևորել գյումրեցիներին, ոգևորել է նաև իրենց՝ ջոկատի անդամներին, և մտահոգությունները գրեթե վերացել են:
Ֆրանսահայ բարերարը հովանավորել է բացիկների տպագրությունը: Այս պահին արդեն տպագրել են 10 հազար բացիկ, դրանք խորհրդանշական՝ 400 դրամ գնով կվաճառեն, գոյացած գումարով էլ կգնեն հերթական բնակարանն ու կնվիրեն տնակում ապրող ևս մեկ ընտանիքի:
Գյումրին պատկերող բարեգործական բացիկի վրա հետաքրքիր մի գրառում կա․ «Բացիկ, որը կբացի մեկ անօթևան ընտանիքի նոր տան դուռը»: Անապահով ընտանիքը կընտրվի վիճակահանությամբ:
Բացիկների վաճառքն այսօր արդեն մեկնարկեց: Ջոկատի անդամներն այսօրվանից փողոցներում կշրջեն ու կվաճառեն դրանք, ակցիաներ կկազմակերպեն, ինչպես նաև՝ կփորձեն ծրագրում ներգրավել տարբեր կառույցների ու անհատների: Դեկտեմբերին, երբ կավարտվի բացիկների վաճառքը, կհաշվեն, թե որքան գումար են հավաքել:
Բարեգործական ջոկատի երիտասարդները վստահ են՝ իրենց կհաջողվի ևս մեկ անօթևան ընտանիքի բնակարան նվիրել: Անօթևանության հերթացուցակում, սակայն, դեռ հարյուրավոր ընտանիքներ են հաշվառված: Տնակներում ապրողների թիվը միայն Գյումրիում մի քանի հազար է կազմում: