Մատչելիության հղումներ

Հայաստանը Տաջիկստանից ստացավ ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը


«Արագ արձագանքման հավաքական ուժերը ի զորու են ըստ իրենց նշանակության արագ արձագանքել ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում մարտահրավերներին ու սպառնալիքներին և պատրաստ են ետ մղել զինված հարձակումը, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների դեմ ուղղված ագրեսիան», - այսօր Դուշանբեում՝ ԶԼՄ ներկայացուցիչների առջև ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում քննարկվել են դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարումը, և Հայաստանը Տաջիկստանից ստացել է ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը:

«Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով: Ակտիվ աշխատանք է տարվում Կազմակերպության ուժային բաղկացուցչի ներուժի բարձրացման ուղղությամբ», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ այս տարվա մայիսին անցկացվել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում:

Ներկայացնելով առաջիկա տարում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները, Սերժ Սարգսյանը հիշատակել է ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացումը, ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացումը, ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը, ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործումը, խաղաղապահ ներուժի մեծացումը, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացումը, տարանցման և տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացումը:

«Մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա: Այս համատեքստում կարևոր նշանակություն ենք տալիս նաև կիբերանվտանգության ոլորտում համատեղ ուժերի ակտիվացմանը», - նաև ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի, Տաջիկստանի նախագահները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո՝ ամփոփելով դրա արդյունքները:

Բանակցությունները նախ ընթացել են նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահների և կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը շարունակել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների Հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG