Ադրբեջանցիները Ռուսաստանի խանութներում վաճառվող նռան օշարակ են հայտնաբերել, որի պիտակի վրա գրված է՝ «Արտադրված է Ստեփանակերտում, Հայաստանի Հանրապետություն»։ Այդ մասին Vesti.az կայքին տեղեկացրել է ընթերցող Ակիֆ Ալիևը։
«Բարև, հարգելի խմբագրություն, վերջերս Ռուսաստանում՝ Կիսլովոդսկ քաղաքում ապրող ընկերներիցս նարշարաբի լուսանկարներ եմ ստացել՝ արտադրված Ստեփանակերտում, որի պիտակի վրա նշված է՝ Հայաստանի կազմում։ Ո՛չ խանութի տնօրենը, ո՛չ վաճառողները գաղափար անգամ չունեին, որ ապրանքը Ադրբեջանի օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանից է», - գրել է Ակիֆ Ալիևը։
Ադրբեջանական կայքը նշում է, թե Ալիևի ուղարկած լուսանկարները վկայում են, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը՝ Ռուսաստանը, «նպատակաուղղված քաղաքականություն է տանում ադրբեջանական օկուպացված տարածքներում տնտեսության և գյուղատնտեսության բարգավաճման համար»։
«Ռուսաստանի համապատասխան մարմինները ոչ միայն չեն խոչընդոտում, որ Ղարաբաղի անջատականների ապրանքները Ռուսաստանում չտարածվեն, այլև օգնում են», - գրում է Vesti.az-ը՝ հավելելով, թե, ինչպես նշված է ապրանքների պիտակների վրա, առաքիչը «Կորոնա» փակ բաժնետիրական ընկերությունն է։
«Այդ ընկերության կայքում ակտիվորեն գովազդվում են ապրանքներ ադրբեջանական օկուպացված տարածքներից, նույնիսկ հատուկ բաժին կա՝ նվիրված «Արցախֆուդ» ընկերության ապրանքներին», - բողոքում է ադրբեջանական կայքը՝ ընդգծելով, որ ապրանքները Ռուսաստանի տարածք են մտնում սանիտարական հսկողությունից և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ստուգումներից հետո, որը, ինչպես գրում է կայքի լրագրողը, ուղևորներից անգամ կանաչին՝ մաղադանոսն է առգրավում։
«Եթե միայն Մոսկվայում ցանկանան, վայրկենապես առաքող ընկերություն կայցելեն լուրջ մարդիկ և կզգուշացնեն, որ անթույլատրելի է համագործակցել Ղարաբաղի անջատականների հետ», - գրում է լրագրողը։
Մոսկվային մեղադրելուց բացի, ադրբեջանական կայքը մեղադրում է նաև Ռուսաստանի ադրբեջանական համայնքին, որը փաստաբաններ չի վարձում և չի փորձում իրավական մեխանիզմներով լուծել այդ հարցը՝ վերջ տալ Ղարաբաղի ապրանքների Ռուսաստան ներմուծմանը։