Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով:
Ներկայացված ուսումնասիրությունների արդյունքներով խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝
-- ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների.
-- ապահովել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման և վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաև բողոքարկման էլեկտրոնային համակարգ.
-- համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ սահմանել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի (ծանուցման, վճարման, գանձման) առանձնահատկություններ.
-- վերացնել ՃՈ ռեգիստրում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև համապատասխան իրավական ակտով սահմանել ՃՈ ռեգիստրից օգտվողների և փոփոխություններ կատարողների լիազորությունների շրջանակը.
-- վերանայել «հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը, բացառելով համապատասխան մարմինների վարչատնտեսական և տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը, որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ.
-- ապահովել պետական մարմիններին հատկացված և չհաշվառված համարանիշների հաշվառումը:
Ոստիկանությանը, ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը և ԿԲ-ին հանձնարարվել է մշակել, ներկայացնել 1-ին կետում նախատեսված հանձնաժողովի քննարկմանը և ներդնել ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգ:
Ոստիկանությանը և օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմիններին հանձնարարվել է բացառել օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրման, ինչպես նաև իրավասու անձանց կողմից այդ համարանիշների ոչ նպատակային օգտագործման դեպքերը:
Ոստիկանությանը, Քննչական կոմիտեին և Հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է օրենսդրությամբ կանոնակարգել վարչական ակտերի առաքման փոստային հասցեներում փոփոխություն կատարելու կարգը, բացահայտել առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը և իրավական գնահատական տալու նպատակով նյութերը ներկայացնել քննչական մարմիններին:
Ֆինանսների նախարարությանը, Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հանձնարարվել է բացահայտել արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների առանց մաքսային ձևակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը և ապահովել նման հնարավորության բացառումը:
Ֆինանսների նախարարությանը և Ոստիկանությանը հանձնարարվել է՝ ապահովել ՀՀ ժամանող ոչ ռեզիդենտների ծանուցումը՝ տեսալուսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման և դրանց հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև քննարկել ՀՀ մաքսային սահմանը ավտոմեքենաներով հատող քաղաքացիների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային մարմիններում առկա տեղեկատվությունը ՃՈ էլեկտրոնային համակարգին փոխանցելու և էլեկտրոնային համակարգերը միմյանց ինտեգրելու հարցն ու ապահովել դրա իրականացումը: