Մատչելիության հղումներ

Վրաստանում ակտիվիստները «հակավրացական բովանդակությամբ» դասագրքեր են վերացրել


Վրաստան - Դպրոց Թբիլիսիում, արխիվ
Վրաստան - Դպրոց Թբիլիսիում, արխիվ

Աշխարհագրության այդ դասագրքերում Աբխազիան և Հարավային Օսիան ներկայացված են որպես անկախ պետություններ, իսկ Ղրիմը՝ Ռուսաստանի կազմում:

Վրաստանում ոչ կառավարական «Ազատ գոտի» կազմակերպության ակտիվիստները ռուսական դպրոցի աշխարհագրության տասնյակ դասագրքերը հրապարակայնորեն ոչնչացրել են, իսկ դպրոցի տնօրենի կանչով տեղ հասած պարեկային ոստիկանությունը միայն հետևել է նրանց գործողություններին։

Կազմակերպության ակտիվիստներ Զազա Խազելիան և Դավիթ Գոգոշիան գնացել են Թբիլիսիի ռուսական միջնակարգ դպրոցը և ասել, թե հավաստի տեղեկություններ ունեն, որ այդ դպրոցում հակավրացական բովանդակությամբ դասագրքեր են տարածվում։ Նրանք նկատի ունեն 7-րդ դասարանի համար նախատեսված աշխարհագրության դասագրքերը, որտեղ Աբխազիան և Հարավային Օսիան ներկայացված են որպես անկախ պետություններ, իսկ Ղրիմը՝ Ռուսաստանի կազմում։

Դպրոցի տնօրեն Օրեստ Պեշչանենկոն փորձել է երիտասարդներին բացատրել, որ իր աշխատասենյակում գտնվող դասագրքերը չնայած գնվել են Ռուսաստանում, այնուամենայնիվ ներառված չեն ուսումնական ծրագրերում, և դասագրքերի ոչնչացումը վանդալիզմ կլինի։

Սակայն երիտասարդները հենց տնօրենի աշխատասենյակում սկսել են պատռել դասագիրքը, այնուհետև տասնյակ դասագրքերը դուրս են բերել փողոց և հրապարակայնորեն պատռել դրանք։ Պատռելու ընթացքում նրանք ասել են՝ «Կեցցե՛ Վրաստանը», «Կեցցե՛ Ուկրաինան», «Փառք հերոսներին»։

Դպրոցի տնօրենի զանգով տեղ հասած պարեկային ոստիկաններին երիտասարդները բացատրել են, որ իմպերիալիստական գրականություն են ոչնչացնում, և ոստիկանները միայն հետևել են դասագրքերի ոչնչացմանը։

«Ազատ գոտի» ոչ կառավարական կազմակերպությունը համակրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։

«Ոչ կառավարական «Ազատ գոտի» կազմակերպությունը չի հաշտվի օկուպացիայի հետ և ամեն ինչ կանի Վրաստանում ռուսական պրոպագանդայի դեմ։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Աբխազիան և Սամաճաբլոն, այսինքն՝ Հարավային Օսիան, եղել են, կան և կլինեն Վրաստանի անքակտելի մասը, իսկ Ղրիմը՝ Ուկրաինայի», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասված է կազմակերպության հայտարարությունում։

«Թբիլիսիում առնվազն երեք դպրոց կա, որտեղ մասնակիորեն կարելի է ռուսերենով սովորել, և մեկ դպրոց, որտեղ դասավանդումը ուկրաիներենով է», - տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG