Մատչելիության հղումներ

Ծաղկաշատցիները «ողջ գյուղով» դեմ են նոր հանքի շահագործմանը


Թեղուտի բաց եղանակով շահագործվող պղնձի հանքավայրը, արխիվ
Թեղուտի բաց եղանակով շահագործվող պղնձի հանքավայրը, արխիվ

Գյուղացիները հաստատակամ են. ասում են` անգամ ոսկե սարերի խոստումների դեպքում թույլ չեն տա, որ հանքաարդյունաբերական նպատակով գեթ մեկ մեքենա մտնի գյուղ։

Այսօր Ալավերդիում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ գյուղի բոլոր՝ 300 բնակիչների անունից այս մասին հայտարարեցին գյուղապետը, ավագանու անդամներն ու ակտիվ բնակիչները։ «Չի լինի, ուզում ա միլիոն առաջարկեք...ինչ են ուզում էս ժողովրդից, առանց էդ էլ անտառը կտրեցին տարան, հիմա էլ բնությունն են փչացնում»:

80-ամյա Մարտին Մակինյանը, ով խորհրդային տարիներին գյուղում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, վստահ է` Ծաղկաշատի տարածքում ծանր մետաղներով հարուստ հանքավայր կա։ Դեռ խորհրդային տարիներին երկրաբաններ են եկել և իրենց տեղեկություններ հաղորդել տարածքում նույնիսկ ուրանի առկայության մասին։

«Վրաստանից մի հատ վերտալյոտ էկավ, ասացին, որ էստեղ ուրանի մեծ պաշարներ կան, ժամանակը կգա՝ կշահագործեն» :

Ծաղկաշատցի ֆիզիկոս Վահան Սոխակյանն էլ ասաց, թե անձամբ է մասնակցել ուսումնասիրություններին, չափումներ է արել ու համոզվել, որ ուրանի ռադիացիոն ֆոնը գյուղի տարածքում մինչև 10 անգամ գերազանցում է նորման։ Սա ծաղկաշատցիների համար ամենաանհանգստացնողն է։ Նրանք վստահ են` բաց եղանակով հանքի շահագործման դեպքում ուրանի ազդեցությունը կործանարար կլինի ոչ միայն իրենց գյուղի, այլև տարածաշրջանի համար։

Շահագործող «Վալեքս» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին քննարկման ժամանակ ասացին, թե տեղեկություններ չունեն ուրանի մասին, նաև պնդեցին, թե իրենց նպատակները, գոնե առաջին փուլում, անմեղ են՝ ընդամենը 250 մետր խորությամբ 18 անցք են փորելու՝ «անվնաս որոնողական աշխատանքներ»։ Բայց թե՛ գյուղի բնակիչները, թե՛ հանրային քննարկմանը մասնակցող բնապահպանները համոզվածություն էին հայտնում, որ միայն ուսումնասիորությունների համար 250 հազար դոլար ծախսող ընկերությունն ամեն ինչ անելու է ծախսերը հետ բերելու և հավելյալ եկամուտներ ստանալու համար։

Ծաղկաշատի գյուղապետ Հրաչիկ Պարանյանն ասաց, թե գյուղում վիճակը «լուրջ է»։ Մարդիկ իրար են խառնվել, երբ լսել են, որ նախորդ հանրային քննարկման արդյունքը ընկերության օգտին է եղել։ Դրան մասնակցել են միայն համայքների ղեկավարները, մարզպետարանի պաշտոնյաներն ու ընկերության ներկայացուցիչները։ Ընդդիմախոսներ չեն եղել ու պաշտոնապես արձանագրել են, թե հանրային քննարկման ժամանակ առարկություններ չհնչեցին։

Դա էլ նախարարության աշխատակիցների ու բնապահպանների միջև վիճաբանության առիթ դարձավ։ Այդ ինչպե՞ս է պատահել, որ հանրային քննարկումն անցել է առանց բնակիչների մասնակցության։ Այս հարցին ի պատասխան, նախարարության ու շահագործող ընկերության ներկայացուցիչները պնդեցին, թե օրենք չեն խախտել։

Ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Սարգսյանը խոստացավ` հաշվի կառնեն նաև այսօր հնչած առարկությունները և երկրաբանական ուսումնասիրություններ չեն սկսի, եթե համայնքը դեմ լինի։

Գյուղապետն ու ավագանու անդամները պահանջեցին ևս մի հանրային քննարկում կազմակերպել հենց Ծաղկաշատում՝ համոզվելու, որ գյուղի բոլոր բնակիչները դեմ են հանքաարդյունաբերական այս ծրագրին։ Մինչ այդ գյուղապետը ներկայացրեց համայնքից ստացած իր տպավորությունը։

«Իրանք ասել են մենք դեմ ենք, ես գյուղի անունից էլ կարամ ասեմ, կանայք էին գալիս էստեղ հավաքվելու, ես չեմ թույլ տվել, մենք մեր աշխատանքը ունենք՝ անասնապահությունը ունենք, մալինայա, մոշ ա, հոն ա, տանձ ա, սունկ ա, տարին 12 ամիս անտառից օգտվում ենք: Ասում ա՝ ի՞նչ եք ուզում, մենք աշխատատեղի խնդիր չունենք»:

Երկրաբանական ուսումնասիրությունների և հետագա շահագործման օգտին այսօր որևէ կարծիք չհնչեց։ Մինչդեռ բաց եղանակով Թեղուտում պղինձ ու մոլիբդեն արդյունահանող «Վալեքս» ընկերությունը չի թաքցնում, որ ուսումնասիրություններից հետո Ծաղկաշատում ևս նախատեսում է հանքավայր շահագործել։ Ընկերության աշխատակազմի ղեկավար Սահակ Կարապետյանն ասաց.

«Միամտություն կլինի կարծել, որ մեր նպատակն ընդամենը տեղեկատվություն հավաքելն է: Եթե Աստված տա, որ մեզ հաջողվի հանքավայր բացահայտել, ապա Հայաստանը դրա համար պետք է միայն ուրախ լինի»:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներն էլ նշեցին, որ հանքավայր դառնալու հավակնություն ունեցող այդ տարածքը հարուստ է Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսերով ու կենդանիներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG