Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի հյուրատունը վաճառվել է ՀՀԿ-ական պատգամավորի հորը


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ հավանություն է տվել համալսարանի հյուրերի տունը վաճառելու որոշմանը:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոյանը, հոգաբարձուների խորհուրդը իր նիստում որոշել է գնալ այդ քայլին՝ ուսանողների ֆիզիկական դաստիարակության հարցերը լուծելու նպատակով:

Մաշտոցի պողոտայում, Մատենադարանի հարևանությամբ գտնվող համալսարանի 5 հարկանի շենքը որոշվել է վաճառել «Էս Էռ Հոթել» ընկերությանը, որը, ինչպես պարոն Սիմոնյանը հաստատեց, պատկանում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի հորը՝ Ստանիսլավ Համբարձումյանին:

Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք հանրապետական լինելու հանգամա՞նքն է դերակատարություն ունեցել գնորդի ընտրության հարցում, ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, թե իրենք սահմանված կարգով մրցույթ են անցկացրել, սակայն Երևանի կենտրոնում գտնվող այդ տարածքը գնելու հայտ է ներկայացրել միայն այդ ընկերությունը: Իրենց համար էլ կարևոր է եղել, որ գումար տվող լինի:

Երևանի կենտրոնում գտնվող 5 հարկանի շենքը իր հարակից տարածքով վաճառվել է 2 միլիարդ 160 միլիոն դրամով՝ այսինքն մոտ 4 միլիոն դոլարով: Այս գումարով ռեկտորը խոստանում է վերակառուցել մարզադահլիճները, վոլեյբոլի և բասկետբոլի մարզադաշտերը, ինչպես նաև Դիլիջանի ուսանողական ճամբարը: Մի խոսքով ամեն ինչ արվում է հանուն ուսանողների:

Թե ինչ է լինելու հյուրատան տեղում, տեղյակ չեն ոչ ԵՊՀ-ի ռեկտորը և ոչ էլ հյուրատան տնօրեն Ռուդիկ Բարսեղյանը: Բայց Հանրապետական կուսակցության անդամ տնօրենը համոզված է՝ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել:

«Եթե իրենք եկել են այդ համոզման, ուրեմն ինչ-որ բան մտածել են։ Գերակա շահը տրվել է ուսանողության, մատաղ սերնդի առողջության կոփման գործին»,- ասաց Բարսեղյանը։

Արդարադատության նախարարության պետական ռեգիստրից տեղեկացանք, որ ԵՊՀ-ի հյուրատան շենքը գնող «Էս Էռ Հոթել» ընկերությունը գրանցվել է վերջերս՝ այս տարվա մայիսին, 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով: 100 տոկոս սեփականատերը Ստանիսլավ Համբարձումյանն է: Թե ինչով է զբաղվում ընկերությունը, չի նշվում, թերևս կարելի է ենթադրություններ անել միայն անվանումից: Ընդ որում, ԵՊՀ-ի հյուրատունը ներառված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում և սեփականատիրոջ ցանկությամբ կարող է քանդվել:

Մինչդեռ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նշում է՝ Պետական համալսարանի հյուրատան շենքը բրենդ էր.- «Շատ ափսոս է, դա կրթության հյուրատուն էր, էնտեղ գալիս էին ոչ միայն համալսարանի հյուրերը, այլ ես անձամբ տարբեր երկրների կրթության ոլորտի հյուրերի եմ հանդիպել այնտեղ։ Ուրիշ մթնոլորտ էր այնտեղ, կրթության, կրթօջախի հյուրատուն էր, և դա մենք կորցնում ենք։ Դա մի բրենդ էր Երևանի համար, որը կորցնում ենք ի շահ կոնկրետ անձանց բիզնեսի»։

Բախշյանը պատահական չի համարում, որ Երևանի կենտրոնում գտնվող ԵՊՀ-ի հյուրատունը վաճառվում է հենց հանրապետական պատգամավորի հորը, իսկ որոշմանը համաձայնություն տվողն էլ Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանն է։

«Եվ քանի որ ինքը հանրապետական է, և քանի որ համալսարանի խորհրդի նախագահը Հանրապետական կուսակցության ղեկավարն է, ուրեմն էս շղթան է՝ «քեզ պետք է, հարց չկա, որոշումը կկայացնենք, կծախենք»։ Ծախում են սա, որպեսզի հենց իրենց ուզած մարդը առնի, և դա պիտի անպայման հանրապետական, իրենց թայֆից, իրենց թիմից, պիտի լինի իրենց հավատարիմը։ Բայց որևէ մեկը տեսնես հարցրե՞լ է՝ ինչ է լինելու դրա տեղը։ Կարո՞ղ է հանկարծ այդ պողոտայի ամբողջ ներդաշնակությունը խախտվի, որովհետև ինքը էնտեղ որոշել է 20 հարկանի հյուրանոց կառուցել կամ ինչ-որ մի սուպերմարկետ»,- ասաց Բախշյանը։

Հյուրատան 21 աշխատողներին արդեն ծանուցվել է, որ շենքը օտարվելու է: Արդյոք նրանք գործազուրկ կդառնան, թե կապահովվեն նոր աշխատանքով, հյուրատան տնօրենը դժվարացավ ասել: Ամեն դեպքում հանրապետական Ռուդիկ Բարսեղյանը նոր աշխատանքի կանցնի՝ նա կղեկավարի ԵՊՀ-ի ֆիզկուլտուրայի ամբիոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG