Մատչելիության հղումներ

Բիզնեսը կորցրած գործարարը քննադատում է հարկային քաղաքականությունը


Գործարար Ղևոնդ Թորգոմյանը ցուցադրում է իր պատրաստած խաղալիքների նմուշները
Գործարար Ղևոնդ Թորգոմյանը ցուցադրում է իր պատրաստած խաղալիքների նմուշները

Ղևոնդ Թորգոմյանը պնդում է, որ հիմա ավելի շատ հարկային տեսուչներ կան, քան գործարարներ: Իսկ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներն էլ «մոնոպոլիզացված են»:

Մի քանի տասնյակ աշխատող ունեցող «Ապագա» ընկերությունը, փաստորեն, ապագա չունեցավ։ Ղևոնդ Թորգոմյանը մի քանի տարի առաջ փակեց տպագրատունը, և հիմա իր երբեմնի այդ գործի մասին միայն սեղանին դրված մի քանի գրքերն են հիշեցնում։

«Ամեն ամիս 5-8 միլիոն դրամի շրջանառություն ունեինք, սակայն հարկային մարմինները չթողեցին, որ աշխատենք: Արդյունքում՝ 27 ընտանիք մնաց անգործ»,- ասում է Թորգոմյանն ու հավելում. - «Պատճառը հարկային ոչ ճիշտ քաղաքականությունն է։ Ավելի շատ տեսուչներ կան, քան թե բիզնեսով զբաղվող մարդիկ: Թող դնեն հաշվարկեն, մեկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կամ անհատ ձեռներեցին ընկնում է 10 տեսուչ։ Էդ 10 հոգին մի հոգու դեմ։ 10 հոգով մի հոգուն անպայման կհաղթեն չէ՞, ինչ-որ ուզենան, էն էլ կանեն։ Կուզենան սուտ կասեն, սուտ գրություններ կգրեն՝ պարտք, գումար և այլն, կուզենան կֆետիշացնեն, կսարքեն մոնոպոլիստ»։

Ըստ նախկին գործարարի, Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներն են մոնոպոլիզացված։ Դասագրքերի տպագրության մրցույթներին, օրինակ, իր ընկերությունը մի քանի անգամ մասնակցության հայտ է ներկայացրել, սակայն չի հաղթել։ Համոզված է՝ պատճառը ոչ թե այն է, որ տպագրատունը որակապես ավելի վատն էր, այլ այն, որ իրենք պակաս հայտնի էին և կապեր չունեին։

«Փոքր ու միջին բիզնեսը չի հաղթում ոչ մի մրցույթում, դա սուտ ա, ես անձամբ մասնակցել եմ ու համոզվել եմ, որ դա կեղծ մի միջոց ա, որ իբր ուզում են ներգրավել։ Ինչի՞ ոչ մի փոքր ու միջին բիզնես չի շահում էդ տենդերները։ Ասում են գները բարձր ա, ոչ մեկ չշահեց, ու տալիս են իրանց մարդկանց»։

Եթե իր առաջին բիզնեսը 57-ամյա ինժեները կարողացել է գոնե մի քանի տարի աշխատեցնել, ապա երկրորդը դեռ թղթի վրա է։ Ղևոնդ Թորգոմյանը մեկ տասնյակից ավել գյուտեր է գրանցել մտավոր սեփականության գործակալությունում։ Բիզնես պլանը ձեռքին՝ դիմել է ինչպես պետական կառույցներին, այնպես էլ անհատ ներդրողների, ցույց տվել պատրաստի գործը՝ մանկական խաղեր, խաղալիքներ, սակայն գործընկեր այդպես էլ չի գտել։

«Էկոնոմիկայի նախարարություն եմ դիմել, ցույց եմ տվել պատրաստի խաղերը, նորից զրո, չկա, կմտածենք կասենք, առայժմ պետք չի։ Իսկ ես էս բոլորը ուզում եմ ստեղծել, որպեսզի աշխատատեղեր լինեն, որ աշխատանք ունենան, մարդիկ աշխատեն, երիտասարդները։ Խնդրեմ, սիրիահայերը գալիս են, որ աշխատանքով զբաղվեն, պետությունը ուզում է աջակցել, թող դնեն, սարքենք ֆաբրիկա, էսօր 20 հոգի ա, վաղը կլինեն 200 հոգի»,- շարունակում է Թորգոմյանը։

Նա նշում է, որ անհրաժեշտ սարքավորումներն արդեն պատրաստել է, և բիզնես սկսելու համար միայն մեկնարկային գումար է անհրաժեշտ՝ մի քանի հազար դոլար։ Բանկերից մեկը վարկ չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ արտադրողի շահույթը հետագայում ցածր է լինելու։ Մյուսներին էլ չի դիմել բարձր տոկոսադրույքների պատճառով։

«Թող տան 3 տարով, քանի որ արտադրության ա, արտադրությունը միանգամից չի կայանում, թող լինի մատչելի գներով տոկոսադրույքները, 3-5 տարում կարողանանք մարել։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե մեկ փակված բիզնեսի փոխարեն հինգն է բացվում, մինչդեռ հակառակն է»,- զայրանում է գործարարը։

«Հարց են տալիս՝ ինչո՞ւ փոքր ու միջին բիզնեսը չի զարգանում, դե ասում ա փակողը չի կարողանում աշխատել, փակում ա, բայց բացվողները շատ են ավելի, քան թե փակվողները։ Բացվողները որո՞նք են, ես չեմ տեսել բացվող։ 10 հատը փակվում ա, մեկը բացվում ա, ոնց բացվում ա, մի շաբաթ հետո փակվում ա, ինչի՞ արդյունքն ա սա՝ ռեսուրսները ճիշտ չօգտագործելու»։

Ղևոնդ Թորգոմյանն ասում է, որ չի հուսահատվել. չնայած դժվար պայմաններին, խաղալիքների արտադրությունը մի օր անպայման սկսելու է։ Մինչ այդ մի օրինակով ստեղծված նմուշներն ուղարկում է արտերկրում բնակվող թոռնիկներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG