Մատչելիության հղումներ

Կարկտահարությունից տուժած գյուղացիների հարցը «դեռ քննարկվում է»


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մոտ 30 րոպե խոսեց ոլորտի հաջողությունների մասին, սակայն բավական հակիրճ արձագանքեց օգոստոսի 22-ի կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցություն տրամադրելու հարցին:

Նախարարն ասաց, որ դեռ քննարկում են, թեև արդեն հաշվարկել են, որ բնական աղետը գյուղացիներին ավելի քան 14 միլիոն դոլարի վնաս է հասցրել:

«Այս տարի արտահանման ծավալները այնքան մեծ են, որ կարկտահարված բերքն էլ նույնպես արտահանվեց», - հավելեց Կարապետյանը:

Նախարարի նշած կարկտահարված և արտահանված բերքի մասին Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները չէին լսել: Կարկտից տուժած գյուղացիները պնդում են, որ իրենց խաղողը գործարանները չեն ընդունել:

Մուշեղ Հակոբյանը, ով կորցրել է գրեթե ողջ բերքը, ասաց, որ երեք գործարանների է դիմել, բոլորն էլ մերժել են:

«Իմը սեղանի խաղող ա, լրիվ ջարդված ա: Էրեկ գնացել եմ զավոդներ, ասեց՝ սեղանի խաղող մենք չենք ընդունում», - հավելեց նրա համագյուղացիներից մեկը:

Ավելի վաղ նախարարությունը նաև խորհուրդ էր տվել կարկտահարված բերքը բուժել, սակայն գյուղացիները սա էլ իրատեսական չեն համարում․ - «Կարկուտը որ տվել ա բերքին, ճաքել ա, ու ճութը նեխել ա: Էտի դու չես կարա տաս զավոդին, զավոդը քեզանից չի վեկալի, էտի փչացած խաղող ա»:

Գյուղ կատարած այցելության ժամանակ նախարարը խոստացել էր կառավարությունում քննարկել նաև գյուղացիների վարկերի մարումը հետաձգելու և անհատական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը։ Վարկերը մարելու ժամկետները մոտենում են, բայց այդ ուղղությամբ նույնպես գործնական քայլեր գյուղացիները չեն տեսնում:

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը խնդիրը անարդյունավետ կառավարումն է համարում: Նրա խոսքով՝ ամեն տարի բախվում ենք կարկտահարության խնդրին, թանկ գներով ձեռք բերված հակակարկտային կայանները Հայաստանի համար անօգուտ են: Հարկավոր է նոր մեթոդներ կիրառել․ օրինակ, ցանքատարածությունները ցանցերով պաշտպանել: Այս մեթոդի վերաբերյալ առայժմ միայն նախագահի հանձնարարական կա, սակայն սայլը տեղից չի շարժվում:

«Իմ խորին համոզմամբ, այդ ցանցերը պետք է Հայաստանում արտադրվեն: Կարելի է Հայաստանում այդ արտադրությունը դնել և լիզինգային եղանակով գյուղացուն տալ հատկապես ծիրանի, դեղձենու այգիները ծածկելու համար: Եվ մենք կունենանք երաշխավորված բերք», - ասաց Բերբերյանը:

XS
SM
MD
LG