Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»-ը բացարձակ սուտ է որակում Բաստրիկինի պնդումները, թե ցույցերը ուղղորդված էին


Ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրում է ցուցարարներին, Երևան, 23-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրում է ցուցարարներին, Երևան, 23-ը հունիսի, 2015թ.

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները բացարձակ սուտ են որակում Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի այն պնդումները, թե այս տարվա հունիսին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաները նախապես ծրագրված էին և ուղղորդված:

Կառավարական «Ռոսիյսկայա գազետա»-ին տված ծավալուն հարցազրույցում Ռուսաստանի գլխավոր քննիչը ընդգծում է, թե «վերջերս Հայաստանում մի իրավիճակ էր ստեղծվել, որն ինչ-որ առումով նման էր 2014 թվականի սկզբին Մայդանում տեղի ունեցող գործողություններին»։

«Օրինակ, ամբոխում դիմակներով մարդիկ կային, որոնք բացահայտ իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության կոչեր էին հնչեցնում: Հենց այդ մարդիկ էին բողոքի ակցիայի մյուս մասնակիցներին ցույց տալիս՝ ինչպես արդյունավետ պաշտպանվել ջրցան մեքենաներից»,- ասել է ռուս պաշտոնյան։

«Ցուցարարների սադրիչ գործողությունները կանխելուն ուղղված ոստիկանության բոլոր քայլերը տեսագրվում էին բջջային հեռախոսներով, ըստ երևույթին, այդ ձայնագրությունները պատվիրատուներին փոխանցելու նպատակով: Բացի այդ, ամբոխում Եվրամիության դրոշներով մարդիկ կային, ովքեր ցուցարարներին պետք է ցույց տային դեպի «պայծառ ապագա» տանող ճանապարհը, որը խոստանում էր ոչ թե Եվրասիական տնտեսական միությունը, այլ Եվրամիությունը»,- հեգնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը, ապա հավելում.- «Սա վկայում է այդ գործողությունների նախապես ծրագրված և սադրիչ բնույթի մասին, որոնց նպատակն էր ձգձգվող հակամարտությունը տեղափոխել ակտիվ փուլ։ Շատ հատկանշական է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը անմիջապես բողոքի ակցիաների սկզբնական փուլում հայտարարություն տարածեց՝ մտահոգություն հայտնելով ոստիկանության իբրև թե ոչ իրավաչափ ուժ կիրառելու կապակցությամբ՝ պահանջելով Հայաստանի ինքնիշխան պետության ղեկավարությունից մանրակրկիտ հետաքննություն իրականացնել: Ընդհանրապես, կարծես թե Միացյալ Նահանգներին այնքան էլ չգոհացրեց, որ վերջնական արդյունքում կոնֆլիկտային իրավիճակը հեղափոխության համար բավարար թափ չհավաքեց և կործանարար չդարձավ, ինչպես դա եղավ Ուկրաինայում»։

Մինչդեռ «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող անդամ, ցույցերի ակտիվ մասնակից Ռիմա Սարգսյանը հակադարձում է.- «Դա բացարձակ սուտ է, ես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի եմ, մասնագիտությամբ իրավաբան եմ, որևէ մեկը երբևէ ինձ չի կարող ուղղորդել։ Եթե ես համարում եմ, որ իմ համաքաղաքացիները ի վիճակի չեն բարձր սակագնով վճարել էլեկտրաէներգիայի համար, և իմ իրավունքների շրջանակում այդ հարցը բարձրաձայնում եմ, դա չի կարող դիտարկվել, որ որևէ ուժի կողմից ուղղորդվում եմ»։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության մեկ այլ անդամ Միհրան Ավագյան էլ նշում է, որ բռնության կոչեր ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ ջրցանին հակադարձելու որևէ գործողություն չի էլ եղել, ինչի մասին խոսում է Ռուսաստանի գլխավոր քննիչը:

«Ջրցանին «հակադարձելը» եղել է միայն մեջքով կանգնելը, որ դեմքերս չվնասենք»,- ասաց Ավագյանը։

Բաղրամյանում բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցած երիտասարդները ծիծաղելի են համարում իրենց հասցեին հնչեցվող բոլոր այդ մեղադրանքները՝ ընդգծելով, որ Ռուսաստանը անընդհատ փորձել է քաղաքացիական շարժումների մեջ այլ երկրների հետք տեսնել:

«Մեկի հագուստի վրա ինչ-որ բան էր գրված, ենթադրում էին, որ նրանք ուղղորդված են, աբսուրդ բան է, բնականաբար, ծիծաղելի է»,- ասաց Ավագյանը։

«Ազատությունը» գրավոր հարցում է ուղղել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ փորձելով պարզել, թե արդյոք կիսո՞ւմ է ռուսաստանցի իր գործընկերոջ պնդումները, որ այն, ինչ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, նախապես ծրագրված էր Արևմուտքի կողմից:

Մինչ կստանանք կոմիտեի պաշտոնական պատասխանը, այսօր նաև փորձեցինք պարզել, թե արդյոք Ռուսաստանի գլխավոր քննիչի պնդումները կիսո՞ւմ է իշխող Հանրապետականի փոխնախագահ, կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ով անձամբ էր այցելել Բաղրամյան պողոտա՝ փորձելով կենդանի պատ կազմել ցուցարարների և ոստիկանների միջև:

Աշոտյանն ասաց, թե ծանոթ չէ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի պնդումներին. երբ նրան փոխանցեցինք ռուս պաշտոնյայի հարցազրույցը, ասաց, թե չի ցանկանում ծանոթանալ:

Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ծիծաղելի որակեց Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի պնդումները:

«Այս տարբերակը մի քիչ ծիծաղելի է, որովհետև կարծում եմ, որ այդ պաշտոնի մարդը պիտի լավ տեղյակ լինի, տարբերելու հնարավորություն ունենա։ Մայդանյան նախանշան կրող հավաքույթների [մասին պնդումներին] լուրջ չեմ վերաբերվում, որովհետև կարգին երիտասարդներ ունենք»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով ռուս պաշտոնյաների վախին, որ Հայաստանում հնարավոր է Մայդան լինի, Շուշան Պետրոսյանն ասաց.- «Ինձ դուր է գալիս այդ վախը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG