Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմի չճանաչված, ամբողջ միջազգային հանրության կողմից չճանաչված ղեկավար Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցով՝ Հայաստանը շատ վտանգավոր խաղի մեջ է ներքաշվում։ «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծքի հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Հիշեցնենք, երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ծրագրված է Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցը Հայաստան և Աբխազիա: Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը Ղրիմի կառավարության նիստում ասել է, որ Հայաստանում տեղի է ունենալու միջտարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացված կլինի ղրիմյան մեծ ստենդ: «Մենք պայմանավորվել ենք, որ դուք մասնակցելու եք Հայաստանում կայանալիք համաժողովին: Սոչի ուղևորության ընթացքում դուք այցելելու եք Աբխազիա»,- ասել է Մուրադովը՝ դիմելով Ակսյոնովին։
Իր հերթին, Ղրիմի ղեկավարն ընդգծել է, որ իր և Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո իրենք վերածվել են ներքին զբոսաշրջիկների, որոնք կարող են ազատորեն ուղևորություններ կատարել միայն Ռուսաստանի տարածքում: «Մենք այսօր սահմանափակված ենք ուղևորություններ կատարելու հարցում, բայց գոնե ինչ-որ տեղ հրավիրում են, ինչն արդեն լավ է», - ասել է Ակսյոնովը:
«Ոչ թե Հայաստանն է տեղեկացնում Ակսյոնովի գալու մասին, այլ դա արվում է Ղրիմից, ընդ որում արվում է Ռուսաստանի նախագահի մշտական ներկայացուցչի շուրթերով։ Սա ինչ է նշանակում, որ Հայաստանի ամրության պաշարի ինչ-որ ստուգման պես մի բան։ Հայաստանը, կարծում եմ, այս փորձությանը պետք է դիմանա և պետք է պաշտպանի իր սուվերեն իրավունքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։
Հարցին, թե Հայաստանի համար Սերգեյ Ակսյոնովի այցը ինչ-որ վտանգներ կարո՞ղ է ունենալ, քաղաքագետը պատասխանեց. - «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալու աշխարհի մերժվածների շարքին պատկանող մի երկիր։ Այդ քայլով Հայաստանը հաստատապես կդառնա, եթե դրան չդիմադրի ու դա չմերժի»։
Մեհրաբյանն ընդգծեց, որ Ռուսաստանը հղում է անում իբրև թե Հայաստանից եկած հրավերը։ Քաղաքագետի խոսքով, պետք է պարզել, թե ինչ հրավերի մասին է խոսքը և ով է ուղարկել։
«Սա շատ վտանգավոր խաղի մեջ է Հայաստանը ներքաշվում, շատ վտանգավոր, որի հետևանքներն ուղղակի կարող են սարսափելի լինել Հայաստանի համար և Հայաստանի միջազգայի վարկի համար, Հայաստանի՝ միջազգային հանրությունում քաղաքական կշռի համար, և դրա հետևանքները պարզապես ներկա դրությամբ կարող են լինել երկար ժամանակ անհաղթահարելի», - ասաց Մեհրաբյանը։