Մատչելիության հղումներ

Թուրք-քրդական բախումները հասել են Հայաստանին սահմանամերձ Իգդիրի նահանգ


Թուրք իրավապահները զննում են ոստիկանական մեքենայի պայթյունի վայրը: Իգդիրի նահանգ, 8-ը սեպտեմբերի, 2015թ․
Թուրք իրավապահները զննում են ոստիկանական մեքենայի պայթյունի վայրը: Իգդիրի նահանգ, 8-ը սեպտեմբերի, 2015թ․

Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները պայթեցրել են Թուրքիայի և Նախիջևանի միջև տեղակայված Դիլուջու սահմանային անցակետի աշխատակիցներին ուղեկցող ոստիկանական մեքենան։

Պայթյունի հետևանքով 14 թուրք ոստիկան զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Իգդիր է մեկնել Թուրքիայի ներքին գործերի նախարարը:

Թուրքիայի սահմանին գրանցված պայթյունը լսվել է նաև Հայաստանի տարածքում։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ առավոտյան ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում:

Նախօրեին Թուրքիայի հարավարևելյան Հաքյարի նահանգի Դաղլըջա շրջանում 16 զինվորի մահվան պատճառ դարձած հարձակումից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում անվտանգության նիստ է հրավիրել։ Շուրջ մեկուկես ժամ տևած ժողովին մասնակցել են վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Մեջլիսի նախագահ Իսմեթ Յըլմազը, Գլխավոր շտաբի պետը, նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նիստի ժամանակ քննարկվել են ահաբեկչական հարձակումներն ու անվտանգության միջոցառումները։

Հաքյարիից Հյուսիսային Իրաք անցած քուրդ զինյալների ոչնչացման համար սկսված ռազմաօդային գործողությունները շարունակվում են։ Հրադադարի խախտման համար հակամարտող կողմերը փոխադարձաբար մեղադրում են միմյանց:

«Մենք այս ժողովրդի ապագան 3-5 ահաբեկչի ու դավաճանի չենք թողել և չենք թողնելու։ Մինչև օրս Թուրքիան բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, կարող է լուծել նաև ահաբեկչության հարցը», - այսօր հայտարարել է Էրդողանը։

Մի շարք վերլուծաբաններ Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացման որոշումից հետո կանխատեսել էին երկրում այսօր ստեղծված ներքաղաքական պատկերը։ Նրանք պնդում են, թե վերջին ամիսներին հաճախակի դարձած թուրք-քրդական բախումները, որոնք օրեցօր ավելի են սաստկանում, սպառնում են խափանել նոյեմբերի 1-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները։ Մասնավորապես երկրի քրդաբնակ շրջաններում, որտեղ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ձայների մեծամասնություն էր հավաքել, անվտանգ ընտրությունների անցկացումը հարցականի տակ է։

«Արդարություն և զարգացում» կուսակցության մրցակից քաղաքական ուժերը, քննադատելով նախագահ Էրդողանի գործողությունները, նրան մեղադրում են բախումներ հրահրելու և գալիք ընտրությունների անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ։ Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Հալուք Քոչը օրերս հայտարարել էր, թե Էրդողանին չի հաջողվելու համոզիչ հաղթանակ տանել նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում, և որ այդ քվեարկությունը վերջ է դնելու նրա քաղաքական կյանքին։

XS
SM
MD
LG