Մատչելիության հղումներ

Բաղդասարյան․ ՀՀԿ-ն երբեք չի ասել, որ Քոչարյանը գնացել է քաղաքականությունից


Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը, սակայն, ընդգծում է, որ դեռ հայտնի չէ՝ «ինչ տեսքով է նա ցանկանում գալ»:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, Հանրապետականը երբեք չի ասել, որ Քոչարյանը գնացել է քաղաքականությունից։ «Նա միշտ եղել է քաղաքականության մեջ և կարող է տարբեր եղանակներ և տարբեր ձևեր ունի ավելի ակտիվ քաղաքականություն վարելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում չի բացառել վերադարձը մեծ քաղաքականություն:

«Դա թերևս ամենից շատ քննարկվող և ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա երբեք: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, և առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ», - ասել է Քոչարյանը:

«Ազատության» հարցին, թե 2008 թվականից հետո Քոչարյանը եղե՞լ է քաղաքականության մեջ, Բաղդասարյանը պատասխանեց. - «Բնականաբար եղել է, այն տեսքով, ինչ տեսքով որ եղել է»։

Դիտարկմանը, թե մամուլը գրում էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում հենց Քոչարյանն է կանգնած, իշխող կուսակցության խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց. - «Ես չէի ցանկանա երկրորդ նախագահին կապել որևէ քաղաքական կուսակցության հետ։ Երկրորդ նախագահը ինքը անհատականություն է, եթե ինքը ղեկավարել է երկիրը, նա արդեն կա քաղաքականության մեջ»։

Հարցին, թե Հանրապետականում Քոչարյանին հակառակորդ համարո՞ւմ են, Բաղդասարյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ մենք որևէ մեկին, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանին, հակառակորդ համարում ենք։ Տեսնենք՝ ինչ կարգավիճակով կգա ակտիվ քաղաքականություն, ա՛յ դրա համապատասխան մենք կարձագանքենք։ Մարդը դեռ ընդհանրապես բան չի ասել, ընդամենն ասել է, որ «երբեք մի ասա երբեք», և արդեն սկսել եք մեկնաբանություններ անել։ Երբ որ որոշում կկայացնի՝ ինչ կոնտեքստում է ուզում գալ ակտիվ քաղաքականություն, սահմանադրական փոփոխությունների արդյունքում ցանկանում է ստեղծել որևէ քաղաքական միավոր և մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին... Ես պետք է իմանամ, թե ինչ տեսքով է նա ցանկանում գալ, և արդյունքները տեսնենք, որից հետո կսկսենք արդեն ինչ-որ բան վերլուծել: Չեղած տեղից մեկնաբանություննե՞ր անենք հիմա»։

Հարցին էլ՝ իրենք տեղեկություն ունե՞ն արդյոք սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման վերաբերյալ, Հանրապետական խմբակցության ղեկավարը արձագանքեց․ - «Ոչ, չկա որևէ տեղեկություն, և մենք պարտավոր չենք Հայաստանի բոլոր քաղաքացիների դիրքորոշումն իմանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG