Մատչելիության հղումներ

Շահեն Հարությունյանը ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել


Շահեն Հարությունյանին հիվանդանոց են տեղափոխում, 7-ը սեպտեմբերի, 2015թ.
Շահեն Հարությունյանին հիվանդանոց են տեղափոխում, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց հետ տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը աստիճաններից վայր է ընկել, ինչի հետևանքով ստացել է ոտքի երկրորդ աստիճանի սալջարդ։

Շահենին մարզադաշտից «Շտապ օգնության» մեքենայով հիվանդանոց ուղեկցած քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը «Ազատությանը» պատմեց, որ ֆուտբոլի ժամանակ քաղաքացիական հագուստով երկու հոգի՝ ոստիկան ու կարգադրիչ, անընդհատ կանգնել են Շահենի և նրա ընկերոջը դիմաց և խանգարել նրանց ֆուտբոլը դիտել։ Այդ անձինք անընդհատ ասել են տղաներին կանգնած չմնալ, նստել, մինչև որ վիճաբանություն է տեղի ունեցել, և Շահեն Հարությունյանին վնասել են:

Նախքան հանդիպումը այսօր Շահեն Հարությունյանի հետ էր զրուցել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ երիտասարդին հորդորելով չկրկնել Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ արածը, երբ վերջինս խաղադաշտ էր ներխուժել՝ կրելով հոր դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկ ու պաստառ։ Հայրապետյանը ասել էր, որ նման ներխուժումը վատ կանդրադառնա հավաքականի վրա։

Շահեն Հարությունյանը այսօր հրաժարվել է հիվանդանոցում մնալ և տուն է գնացել։ Բժիշկների խոսքով՝ նա պետք է 2-3 շաբաթ անկողնային ռեժիմում անցկացնի։

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG