Մատչելիության հղումներ

Մաթոսյան. Ինչ կատարվել է «Հայֆիլմ»-ի տարածքում` վանդալիզի ամենաբարձր աստիճանն է


«Հայֆիլմ» կինոստուդիայի մուտքը, արխիվ
«Հայֆիլմ» կինոստուդիայի մուտքը, արխիվ

«Պլյուս կինո»-ի գլխավոր խմբագրի խոսքով, ոչնչացվել է նաև Հայաստանի լավագույն կինոգործիչների, դերասանների ձեռքով տնկված մոտ 150 հեկտար տարածությամբ պտղատու այգին։

Դեռ անցյալ տարի Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը ու Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց մտահոգությունն էին հայտնել կապված տասը տարի առաջ սեփականաշնորհված «Հայֆիլմ» կինոստուդիայի անմխիթար վիճակի հետ։ Այս հայտարարությունը տպվել էր «Պլյուս կինո» ամսագրի համարներից մեկում։

Արդեն մի քանի օր առաջ, կառավարության որոշմամբ, «Հայֆիլմ»-ը վերադարձվեց Հայաստանին, քանի որ սեփանակատերը պայմանագրով ստանձնած ներդրումները տասը տարվա ընթացքում չէր կատարել՝ այսպիսով կինոստուդիան ոչ միայն չվերագործարկելով և իր նպատակին չծառայեցնելով, այլև մատնելով բարձիթողի վիճակի։

«Պլյուս կինո» ամսագրի գլխավոր խմբագիր, նախկինում «Ֆիլմ» թերթի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, ով կանգնած է եղել դեռ անցյալ դարի 70-ականների սկզբից Աշտարակի ճանապարհին հիմնադրված «Հայֆիլմ»-ի նոր՝ 370 հեկտար տարածքով կինոստուդիայի ստեղծման ակունքներում, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Հայֆիլմ»-ը սեփականաշնորհած Գաֆեսճեան հիմնադրամը ոչ միայն ներդրում չի կատարել, ոչ միայն կինոստուդիան բարձիթողի վիճակում է թողել այս տասը տարիների ընթացքում, այլև, իր իսկ խոսքով, բարբարոսական արարք է թույլ տրվել՝ տարիների ընթացքում ոչնչացվել է կինոստուդիայի տարածքում կինոյի, թատրոնի գործիչների ձեռքով հիմնադրված 150 հեկտար տարածք զբաղեցնող պտղատու ծառերի այգին։

Ռոբերտ Մաթոսյանը վերջերս է եղել ստուդիայի տարածքում և սրտի ցավով է փաստում, թե այնտեղ ինչ է տեսել։ «Փառք «Հայկ» կինոստուդիային, որ այդ ստուդիայի փոքրիկ թևը պահել է այնտեղ, մնացածը կարծես պատերազմից հետո է՝ ավերածություններ է, դա ողբերգություն է։ Սակայն ինձ կրկնակի ցավ պատճառեց, որ մոտ 150 հեկտար տարածությամբ այգին ուղղակի չի ջրվում, ոչնչանում է։ Ես չգիտեմ՝ սեփականաշնորհողը ի՞նչ է մտածել, ի՞նչ են արել, գուցե՞ ինչ-որ բաներ թվայնացրել են, էդ ինչ-որ բաներն էլ, իմ կարծիքով, մակարդակը այն չի, այսօրվա վիճակով չես կարող ցուցադրել, բայց ծիրանի, սալորի տասնյակ հազարավոր ծառերը ոչնչանում են, կարծես լեզու են առել, որ՝ «մեզ տեր կանգնեք»։ Դա ողբերգություն էր», - ասաց Մաթոսյանը։

Նրա գնահատմամբ, այն, ինչ կատարվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, վանդալիզի ամենաբարձր աստիճանն է։

«Ինձ ավելի քիչ է հետաքրքրում իրենց կատարած աշխատանքը մինչև այսօր, քան այգին ոչնչացնելը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ տարածքը 370 հեկտար է, որից մոտ 150-ը այգի է, և այդ այգին ոչնչանում է։ Այդ այգու տնկմանը ես էլ եմ մասնակցել, Հենրիկ Մալյանն էլ է մասնակցել, Ֆրունզե Դովլաթյանը, մեր լավագույն կինոգործիչները, դերասանները, դա պատմություն էր։ Այգին փաստորեն ոչնչացրել է։ Փաստորեն ամեն ինչ թալանվել է մինչև վերջ», - ասաց Մաթոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG