Մատչելիության հղումներ

Հայկական կազմակերպությունները Վաշինգտոնում ի մի են բերում ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները


Սեպտեմբերի 3-ին ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները հավաքվել էին Վաշինգտոնում, ի մի բերելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների արդյունքները և պատվելու աչքի ընկած հայ գործիչներին:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Համաամերիկյան հայկական հանձնախմբի կողմից այս շաբաթ կազմակերպված հավաքի հիմնական նպատակն էր պատվել ԱՄՆ-ում ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այս տարվա միջացառումների կազմակերպման ու իրականացման մեջ հատուկ ներդրում ունեցած առաջատար գործիչներին:

«Այս հավաքը վառ վկայություն է, որ մենք միասնական ոգի ու կորով ունենք և պահանջատեր ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության ոճիրը երբեք չմոռացվի: Հետամուտ ենք լինելու այդ նպատակին և՛ ԱՄՆ-ում, և՛ ամբողջ աշխարհում», - ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ի հայ համայնքի ազդեցիկ կազմակերպությունների և Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները, որոնք Նուբար Աֆեյանի հետ միասին կազմակերպել են այս հանձնախումբը: Այն ծրագրել ու հետևողականորեն կյանքի է կոչել ԱՄՆ-ում եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառումները:

«Նայեք մեր համայնքին, հիմնարար նպատակներին, որ դրել ենք մեր առջև՝ Ցեղասպանության շուրջ արդարադատության իրականացում, հզոր Հայաստան, ազատ Արցախ: Բոլորը միասին շատ հզոր համախմբող դիրքորոշումներ են, մեր ուժը առավել արդյունավետ ու նպատակասլաց է լինում համագործակցելով», - ասաց Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:

Այդ օրը մեծարվեցին ԱՄՆ-ի հայ համայնքի երկու տասնյակից ավելի գործիչներ, որոնք նշանակալի ներդրում էին կատարել այս տարվա միջոցառումները կյանքի կոչելու գործում: ​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG