Որքան մոտենում է 2016 թվականը, այնքան ավելի է սրվում մրցակցությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների միջև:
Այսպես․ հանրապետական Ջեբ Բուշը հրապարակային լուրջ քննադատությամբ է հանդես եկել իր կուսակից եւ հանրապետականների շրջանում ամենամեծ աջակցությունը վայելող Դոնալդ Թրամփի հասցեին՝ վերջինիս մեղադրելով անհանդուրժողականության մեջ:
«Սա բազմազանությունների երկիր է և մենք պետք է փայփայենք և պահպանենք այդ արժեքները, սակայն, պարոն Թրամփը չի հավատում այդ արժեքներին: Նա ցանկանում է մեզ պառակտել: Նա հանդուրժողականությանը չի հավատում»,-ասել է Ջեբ Բուշը:
Միաժամանակ, նա իր քննադատությունն ուղղել է Թրամփի ազատական հայտարարությունների դեմ, օրինակ՝ ի պաշտպանություն արհեստական վիժեցումների: Բուշը մատնանշել է, թե Թրամփն աջակցում է արհեստական վիժեցումների դիմելու՝ կանանց իրավունքը: Դրան ի պատասխան, Թրամփը Բուշին մեղադրել է ապօրինի ներգաղթի խրախուսման եւ Իրաքի պատերազմի արդարացման մեջ:
Հանրապետական կուսակցության ներսում իրավիճակի փոփոխություն ակնկալում են սեպտեմբերի 16-ին նախատեսված երկրորդ բանավեճի արդյունքում: Հիշեցնենք, որ առաջին բանավեճին Ջեբ Բուշի ոչ համոզիչ ելույթները զգալիորեն պակասեցրեցին նրա աջակիցների քանակը:
Իրավիճակն անկայուն է նաեւ դեմոկրատների ճամբարում, որտեղ դեռևս հարցականի տակ է մնում ընտրապայքարում փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությունը: Ինքը՝ Բայդենն այս շաբաթ Ատլանտայի սինագոգում ելույթի ընթացքում հայտարարեց, որ կմասնակցի առաջադրման համար պայքարում, եթե դրա համար բավարար չափով ուժ ունենա.
«Լինեմ անկեղծ. որոշում կայացնելիս առաջնահերթ գործոնը լինելու է այն, թե արդյո՞ք ես և ընտանիքս ունենք ընտրապայքարին մասնակցելու բավարար էմոցիոնալ էներգիա: Ես կմասնակցեմ պայքարին միայն այն դեպքում, եթե պատրաստ լինեմ իմ կուսակցությանն ու Ամերիկայի ժողովրդին խոստանալ, որ ի վիճակի եմ սրտով ու ոգով նվիրվել այդ գործին»,-ասել էր Բայդեդնը: