«Անմիջապես փոխադրվեց հիվանդանոց, փորձել են վիրահատությամբ կյանքը փրկել, սակայն չի հաջողվել, դժբախտաբար», - «Ազատության» հետ զրույցում ասաց սիրիահայ լրագրող Զարմիկ Պողիկյանը՝ նշելով, որ Պարսիկյանն արհեստավոր էր, երկար տարիներ մայրաքաղաք Դամասկոսում էր բնակվում:
Լրագրողի փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունները հաճախակի են դարձել հատկապես քրիստոնյաներով բնակեցված թաղամասերում։ Պողիկյանը, սակայն, հերքեց մամուլում տարածված լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի մի քանի հայկական թաղամասեր․ - «Անհիմն լուրեր են դրանք»:
Զարմիկ Պողիկյանը նշեց, որ իրավիճակը առավել ծանր է Հալեպում, որտեղ այս շաբաթ կրկին էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիր է առաջացել։ Ջրի պակասը լրացնելու համար Հալեպում նորից սկսել են ջրհորներ փորել։
Նրա փոխանցմամբ՝ չնայած պատերազմական վիճակին, սեպտեմբերի 2-րդ կեսին կսկսեն գործել հայկական վարժարանները։ Տեղական իշխանությունները, հաշվի առնելով աշակերտների օր-օրի պակասող թիվը և տնտեսական ծանր վիճակը, որոշել են վարժարաններից մի քանիսը միավորել․ - «Ազգային չորս վարժարանների փոխարեն այժմ ունենք ազգային իշխանությանը ենթակա երկու վարժարան ու նախակրթարան»:
Հրթիռակոծվող Սիրիայի թեման Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի գետնանցումում ամենաշատն քննարկվողներից է։ Պատերազմական երկրից հեռացած սիրահայերն այստեղ կրպակներ են բացել ու տարածքն անվանել Հալեպի շուկա։
Սարգիս Քիրազյանը, ով արևելյան համեմունքների վաճառքով է զբաղվում, ընտանիքի հետ երեք տարի առաջ է Հայաստան տեղափոխվել՝ այնտեղ թողնելով հորեղբորն ու մյուս հարազաներին։ Նրանց հետ այս օրերին դժվարությամբ է կարողանում կապ հաստատել։
«Այս անհանգիստ վիճակը մեզ համար արդեն սովորական է դարձել», - «Ազատության» հետ զրույցում ասաց սիրիահայ երիտասարդը: - «Վիճակը ցավալի ա այնտեղ, այսօր ամիսներով առանց ջուր, էլեկտրականություն, վառելանյութ և այլն, և ռմբակոծման տակ։ Այսինքն ամեն վարկյան իրանք վտանգի տակ են»։
Հայտնի չէ, թե պատերազմական երկրում քանի հայ է շարունակում ապրել։ Տեղացիների փոխանցմամբ՝ միայն Հալեպից վերջին չորս տարիների ընթաքում շուրջ 60 հազար հայ է արտագաղթել։