Մատչելիության հղումներ

Հայաստանում բիզնես ծավալած սփյուռքահայը ներքին ու արտաքին խնդիրներ է մատնանշում


Հոլանդահայ գործարար Քրիստիան Գելիջին ցուցադրում է իր երևանյան արտադրամասի արտադրանքը, սեպտեմբեր, 2015թ․
Հոլանդահայ գործարար Քրիստիան Գելիջին ցուցադրում է իր երևանյան արտադրամասի արտադրանքը, սեպտեմբեր, 2015թ․

Նրա համոզմամբ, Հայաստանի իշխանությունները բիզնեսի խթանմանը միտված բարեփոխումներ չեն անում, որովհետև բավարար հեռատեսություն չունեն:

Արդեն մոտ տասը տարի Հայաստանում բիզնես ծավալած հոլանդահայ Քրիստիան Գելիջին, իր իսկ փորձից դատելով, նշում է, որ Հայաստանը օտար գործարարների համար գրավիչ չէ ներքին և արտաքին մի շարք խնդիրների պատճառով:

Գելիջին այստեղ սեփական կարի արտադրամաս ունի, որտեղ գերմանական ավտոարտադրող գործարանների աշխատողների համար համազգեստ են կարում: Համաշխարհային շուկայի լճացումը գործարարին հարկադրել է իր արտադրամասում ևս կրճատումներ անել:

Ռուս-արևմտյան տնտեսական պատերազմի բացասական հետևանքների մասին խոսելուց հետո Գելիջին անդրադառնում է տեղական խնդիրներին։ Կարծիք է հայտնում՝ որպեսզի Հայաստանը կարողանա մրցել գոնե արևելաեվոպական երկրների հետ, բարեփոխումներ են պետք հենց այսօր:

«Քանի որ մեր ղեկավարներն այսօր պատրաստ չեն այս քայլին գնալ ու չեն հասկանում տնտեսական իրականությունը, հեռատեսություն չունեն, կարճաժամկետ են նայում ամեն ինչին, դրա համար էլ առաջընթաց չի լինում», - ասում է հոլանդահայ գործարարը:

Ամենամեծ գլխացավանքը, ըստ նրա, կապված է մաքսային ծառայության հետ: Օրինակ՝ մի բեռնատարով Հայաստան կտոր ներմուծելը մի քանի ժամվա փոխարեն կարող է օրեր խլել: Գելիջին այս իրավիճակը համեմատում է արևելյան Եվրոպայի երկրների հետ, որտեղ նույնպես տեքստիլի արտադրամասեր ունեն․ - «Ժամանակավոր ներմուծման համար ես չեմ կարող, ասենք, դեկլարացիա սարքելու դիմաց մի երկու հարյուր եվրո փող մուծեմ: Սրանք թվեր են, որ ոչ մի եվրոպական երկրում չկա, ապրանքի դեկլարացիա ձևակերպելու համար նման թվեր չկան, սա մաքսատուրք չի, միայն ձևակերպում է»:

Չնայած Հայաստանի իշխանության խոստումներին, Եվրասիական տնտեսական միության բարերար ազդեցությունն իր բիզնեսի վրա գործարարը չի նկատել: Ավելին՝ մաքսատուրքերը բարձացել են, Եվրոպայի հետ աշխատելն էլ ավելի բարդացել։

«Ապագա Ռուսաստանում, այո, լուրջ շուկա կա, բայց աշխատելը ավելի բարդ ա մեզ համար, քանի որ Ռուսաստանի ֆինանսական վիճակը ռեալ չի: Ես ինքս, եթե հիվանդ եմ, ո՞նց կարամ մեկ ուրիշ հիվանդի հետ համագործակցեմ», - պատկերավոր համեմատություն է անում գործարարը:

Խոսելով Հայաստանի բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերի մասին՝ Գելիջին ասում է՝ ինքը երբևէ «մի դրամ էլ չի տվել մեկին»։ Տարեկան մոտ 850 հազար կտոր հագուստ արտադրող ընկերության սեփականտերը դեմ չէ հարկային մարմինների հաճախակի ստուգումներին, որոնցից հաճախ գանգատվում են հայաստանյան գործարարները. - «Մենք ենք խնդրում, որ իրանք գան: Ես ասում եմ՝ ամեն շաբաթ պիտի գաս, մեր ԱԱՀ-երը պիտի ստուգես, որովհետև ես էքսպորտի վրա եմ աշխատում, ես ստանալիք ունեմ պետությունից»:

Գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում բարդագույն խնդիրներից է որակյալ աշխատող գտնելը: Քրիստիան Գելիջին ասում է՝ գալիս են բարձրագույն կրթության դիպլոմով, բայց ո՛չ գործնական գիտելիք ունեն, ո՛չ տեսական։

Այնուամենայնիվ, գործարարը հաջորդ տարի պատրաստվում է ընդլայնել բիզնեսը, ներդրումներ անել՝ համագործակցելով շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեսի հետ։ Կընդլայնվեն Վրաստանի, մասնավորապես, Ջավախքի ուղղությամբ։ - «Հայերն այնտեղից էլ են գործազրկության պատճառով արտագաղթում», - ասում է Գելիջին, բայց Վրաստանում ներդրումներ անելու համար մեկ այլ հիմանվոր պատճառ էլ ունեն, - «Քանի որ մենք ունենք պրոբլեմ, որ մտել ենք Մաքսային միություն, սա մեզ մեծ թերություններ ա տալիս դեպի Եվրոպա: Որպեսզի մենք դեպի Եվրոպա մի դուռ ունենանք, ճիշտ կլինի, որ Հայաստանում արտադրող մի գործարան Վրաստանում ոտ ունենա»:

Այս տարվա առաջին կեսին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է գրեթե 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից հասնելով 65 միլիոնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG