Մատչելիության հղումներ

Երևանում համերգով հանդես կգա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը


Այս երեկո Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում համերգով հանդես կգա Իսրայելի հռչակավոր ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ծրագրում ընդգրկված են Ռոբերտ Շտրաուսի, Առնոլդ Շյոնբերգի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:

Այսօր առավոտյան նվագախմբի երաժիշտները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի իրենց տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

«Սա պատմական իրողություն է մեր երկրի, մեր մշակույթի կյանքում: Սա նաև Իսրայելի վերաբերմունքն է Հայաստանին, և ուրախ եմ, որ մեր երկրների միջև սկսվում է նոր բարեկամություն», - համերգից առաջ հրավիրված ասուլիսում ասաց «Երևանյան հեռանկաներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Աշխարհի առավել պահանջված նվագախմբային և օպերային դիրիժորներից մեկը՝ Զուբին Մեթան Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի ցմահ երաժշտական տնօրենն է 1981 թվականից: Նա արժանացել է աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր մրցանակներին ու տիտղոսներին ոչ միայն երաժշտական ասպարեզում, անգամ Հոլիվուդի Փառքի ծառուղում նրա անվամբ աստղ կա:

Ասուլիսին ներկա աշխարհահռչակ դիրիժորը ասաց, որ թեև ընդամենը 3 շաբաթ առաջ է ծնկի վիրահատության ենթարկվել, ոչ մի կերպ չէր կարող բաց թողնել Հայաստան գալու հրավերը, քանի որ իր հայրը՝ նույնպես երաժիշտ, ջութակահար դիրիժոր, Նյու Յորքում 5 տարի սովորել է ամերիկահայ մեր հռչակավոր հայրենակցի՝ Իվան Գալամյանի մոտ, և իր հոր հետ ապրած ողջ կյանքում ամեն օր լսել է հոր լավագույն ուսուցչի մասին և նրա պատմածները Հայոց ցեղասպանության, «հայ ժողովրդի պատմության ու դառը ճակատագրի մասին, որով այնքան նման են մեր երկու՝ հայ և հրեա ժողովուրդները»:

«Թե՛ ինձ, թե՛ մեր նվագախմբի յուրաքանչյուր անդամի համար մեծագույն հաճույք է գտնվել Հայաստանում՝ աշխարհի հնագույն երկրներից մեկում», - ասաց աշխարհահռչակ դիրիժորը՝ հույս հայտնելով, որ հայ երաժշտասերներին հրաշալի երաժշտություն կմատուցեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG