Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ առաջիկայում հնարավոր կլինի որոշակի առաջընթաց ապահովել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում: Այս մասին երեկ երեկոյան Բաքվում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման սկզբում:
«Ես շատ բարձր եմ գնահատում ձեզ հանդիպելու և երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, իհարկե նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկելու այս հնարավորությունը: Ղարաբաղյան կարգավորումն այն թեման է, որում մենք` ձեր ղեկավարությամբ, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների, համանախագահ պետությունների ղեկավարությամբ, փորձում ենք հանգել ընդհանուր հայտարարի: Հուսով եմ, որ այդ հարցում առաջընթաց կարձանագրվի»,- ասել է Լավրովը՝ հատուկ ընդգծելով նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները գնալով խորանում են:
«Մենք Անդրկովկասում և Կասպիական ավազանում ռազմավարական գործընկերներ ենք: Ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններում առկա սուր հարցերի մեծամասնության շուրջ մեր տեսակետները համընկնում են: Իմ ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մենք սերտորեն քննարկում ենք ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, մի շարք այլ միջազգային հարթակներում մեր համագործակցության թեման: Բարձր ենք գնահատում նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Մենք երախտապարտ ենք ադրբեջանական կողմին Կասպիական նավատորմիղի երեք ռազմանավերի` Բաքու կատարած օգոստոսյան այցը հիանալի մակարդակով կազմակերպելու համար»,- նշել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ կայացած բանակցությունների ընթացքում նաև պաշտոնապես հրավիրեց ադրբեջանական կողմին մասնակցել Սվերդլովսկի մարզում մի քանի շաբաթից մեկնարկող սպառազինությունների ցուցահանդեսին:
Ի դեպ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Իլհամ Ալիևին նաև պատմում էր, որ Վլադիմիր Պուտինը բավական հաճախ է հիշում հունիսին Բաքու կատարած իր այցը: Այն ժամանակ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել Առաջին եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու համար: Այս թեման չէր կարող շրջանցել նաև Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանում շատ բարձր են գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խաղերի բացմանը ներկա գտնվելու համար Բաքու ժամանեց հունիսի 12-ին, երբ ձեր երկրում ազգային տոն է նշվում` Ռուսաստանի օրը: Դա իրոք շատ նշանակալի քայլ էր և մեր հարաբերությունների բարձ մակարդակի վառ դրսևորումը: Այս ընթացքում նաև ձեր գործընկերը` մեր արտաքին գործերի նախարարը ժամանեց Մոսկվա, այժմ էլ դուք եք Բաքվում: Այս ամենը ևս դինամիկ և արդյունավետ զարգացող երկկողմ հարաբերությունների վկայությունն է»,- հայտարարել է Ալիևը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Բաքվում ընդամենը մի քանի ժամ անցկացրեց՝ հանդիպելով ոչ միայն Իլհամ Ալիևի, այլև իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Ի դեպ, Լավրովի Բաքու կատարելիք այցի մասին հայտնի դարձավ վերջին պահին` նրա Ադրբեջան ժամանելուց ընդամենը երեք օր առաջ` օգոստոսի 28-ին: Ուշագրավ է, որ դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ: